Ուղիղ մեկ տարի առաջ Գյումրու համայնքապետարանը երկար սպասված լավ լուր հաղորդեց գյումրեցիներին. ՀՀ Կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում (50-50% հարաբերակցությամբ) Գյումրու համայնքապետարանը ձեռք է բերել 63 նոր միկրոավտոբուս, որից 4-ը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Շտապեցին ուրախ լուրը համեմել ավելի ուրախով, թե՝ գծատերերի ու վարորդների համար օրական պլանի հասկացողություն այլեւս չի լինելու, ինչը ենթադրում էր ուղեւորի համար վարորդների կատաղի պայքարի ավարտ: Հայտնեցին՝ մանրակրկիտ մրցույթ են անելու, մինչեւ գտնեն պատրաստված վարորդների:
Գյումրեցիները շատ ուրախացան: Բայց միկրոավտոբուսները մոտիկից տեսնելու առիթ ունեցան միայն 2021 թվականի հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական արշավի ժամանակ:
Համայնքային նախկին իշխանություններն ասում էին՝ աշնանը կգործարկեն մեքենաները, նորերն էլ թե՝ չենք հասցնի, համբերեք մինչեւ ամռան սկիզբը:
Տարին բոլորեց, սակայն միկրոավտոբուսները երթուղի չմտան:
Ըստ քաղաքային իշխանության՝ տրանսպորտային բարեփոխումը չեն անում, քանի որ նոր ավտոբուսային պարկ են կառուցում: Համայնքապետարանը հիմնել է «Գյումրի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունը:
Թե վերջապես երբ կկառուցվի նոր ավտոբուսային պարկը, ոչ ոք չգիտի, անգամ հարցի ուղիղ հասցեատերերը: Միայն պարզ է, որ Գյումրու «Սեւ բերդի» տարածքում միկրոավտոբուսները շարունակում են առանց օգտագործման շարքից դուրս գալ:
Օրերս Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը Գյումրու քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին հարցրել է, թե ինչու չեն շահագործվում համայնքապետարանի եւ Կառավարության համաֆինանսավորմամբ ձեռք բերված նոր միկրոավտոբուսները։ «Այս ծրագրի համար շուրջ 900 միլիոն դրամ է պետական բյուջեից ներդրվել՝ Կառավարության միջոցներով շուրջ կես միլիարդ դրամ: Համայնքը նույնպես մեծ ներդրում է արել, բայց մեր քաղաքացիներն արդյունքը չեն տեսնում,- դժգոհություն է հայտնել մարզպետը եւ հետաքրքրվել,- եթե շահագործման խնդիրներ կան, արձանագրենք, եթե պետք է պետության աջակցությունն այս մասով, դիտարկենք, թե ինչպիսի ընթացակարգ է սպասվում: Ի վերջո այս հարցը հետաքրքրում է բոլորին»: Մարզպետի դիտարկմանն ի պատասխան՝ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ասել է, որ իրենց համար կարեւոր է, որ քաղաքացիներն օր առաջ երթեւեկեն նոր տրանսպորտով։ Ըստ նրա՝ ավտոբուսային պարկի շինաշխատանքներն ու սարքավորումների ձեռքբերումը եղանակային պատճառներով են ձգձգվել: Քաղաքապետն առաջարկել էր, որ չսպասեն բոլոր միկրոավտոբուսները միաժամանակ շահագործելուն: Առաջարկել էր գոնե մի քանի միկրոավտոբուս արագ շահագործման հանձնել:
Ամռան սկիզբն էլ ացնավ, կեսն էլ… Բոլորն ուզում են՝ նոր միկրոավտոբուսները գործարկվեն, բայց կարծես ինչ-որ «սեւ ուժեր» խոչընդոտում են: Գյումրեցիները շարունակում են երթեւեկել շարքից դուրս եկած, լեփ-լեցուն գազելներով, եթե դա էլ լինի: Ասում են՝ եթե բախտդ բերի, ու տրանսպորտը գա, մի անգամ էլ պետք է բախտը ժպտա, որ ողջ-առողջ իջնես մեքենայից:
Շիրակի պետական համալսարանի դասախոս, լրագրող Նունե Արեւշատյանը քաղաքային իշխանությանն առաջարկում է՝ եթե չեն կարող լուծել քաղաքի տրանսպորտի հարցը, լավ կլինի հրաժարական ներկայացնեն. «Դուք հաստատ անզոր կլինեք այլ հարցեր լուծելու։ Գյումրին հո գյուղ չէ՞, որ թատրոնում երեկոյան ներկայացումից հետո՝ 20:00-ից, այլեւս տրանսպորտ չաշխատի, կամ շաբաթ֊-կիրակի ընդհանրապես չլինի, ինչ է թե գծատերերն, ըստ պնդումների, իրենց միկրոավտոբուսները գծից հանում, էքսկուրսիա են ուղարկում»։
Արեւշատյանը փաստում է, որ քաղաքային իշխանությունը, 8-9 ամսվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիոն իշխանություն կազմելուց, պաշտոններ բաժանելուց ու լուսանկարվելուց բացի, դեռ քաղաքին օգուտ չի տվել:
Գյումրի համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, այժմ ավագանու անկախ անդամ Արման Բաղդասարյանը պետության ուշադրությունն է հրավիրում խնդրին: Ասում է՝ սուբվենցիոն ծրագրով գնված միկրոավտոբուսները մի տարի է կանգնած փտում են: Ըստ նրա՝ միջքաղաքային տրանսպորտն այս պահին գործարկելու համար անհրաժեշտ է մոտ 20.000.000 դրամ: «Ես գտել եմ փող,- ասում է Բաղդասարյանը,- ուրեմն՝ հրաժարվում ենք «Քաղաքի օր» եւ «Գարեջրի փառատոն» միջոցառումներից, տնտեսում ենք 16.000.000 դրամ, մնացած 4.000.000-ն էլ Սամսոնյանին կխնդրեք, իրենց ժողովրդին մի երկու ամիս քաղաքային բյուջեից պարգեւավճար չտա»։ Ըստ Բաղդասարյանի՝ չար լեզուներն ասում են, որ այս գործում լուրջ փողեր կան, ու ինչքան հնարավոր է, հարցը պետք է ձգձգեն:
Գյումրիում լայն ճանաչում ունեցող «Լեննագանցիք» ֆեյսբուքյան խմբի ադմինիստրատոր Միքայել Միքայելյանը եւս հրապարակում է արել: Ասում է՝ չի հավատում, որ մեքենաների շահագործման ձգձգումը պայմանավորված է ավտոպարկի բացակայությամբ: Նա կասկածում է, որ մեքենաները «բռակ» են ու գնվել են ոչ այն գնով, որ նշված է պաշտոնական փաստաթղթերում: «Հիմա մերոնք սպասում են, որ ԳԱԶ գործարանից մասնագետներ գան ու տեղում վերացնեն թերությունները: Բայց դա արդեն անհնար է, քանի որ Ռուսաստանի 50 ավտոգործարաններից սանկցիաների պատճառով հիմա մի կերպ աշխատում են միայն երկուսը: Այնպես որ, շուտ թե ուշ, նաեւ պահեստամասերի խնդրի առաջ են կանգնելու»: Միքայելյանն առաջարկում է, որ քաղաքապետարանը արագորեն ազատվի այդ բեռից եւ ուրիշ մեքենաներ գնի: «Իսկ էս մաշինեքը բաժանեն մանկապարտեզի միջին խմբի էրեխէքին, թող ավտո-ավտո խաղան»:
Գյումրեցի լուսանկարիչ Տիգրան Գասաբյանն ասում է՝ տրանսպորտի խնդիրը քաղաքում միշտ է եղել, բայց հիմա «առաջընթաց» կա՝ առավել անտանելի է դարձել: «Քաղաքի բոլոր ժամանակների իշխանությունները մեկ ընդհանուր նախասիրություն են ունեցել՝ ժողովրդին, մեղմ ասած, կքանստած տանել-բերել»: Քաղաքացու նկատմամբ նման վերաբերմունքն անհարգալից է համարում: «Որ արհամարհում են մեզ ու մեր կարծիքը, մեղավորը մենք ենք: Դեռեւս սովետական տարիներից մեզ դաստիարակել են, որ մենք չինովնիկների ծառան ենք: Ե՞րբ պետք է հասկանանք, որ «գումար տվողն է երաժշտություն պատվիրում»: Ի՞նչ է նշանակում՝ առանց բացատրություն տալու մեր գնած տրանսպորտը մեզ չեն տրամադրում»: Լուսանկարիչը վստահ է, քանի միկրոավտոբուսի մեջ կոտորվող ու կանգառներում ժամերով տրանսպորտի սպասող բազմությունն ասում է՝ մեր ուզելով բան չի փոխվի, իսկապե՛ս չի փոխվելու:
Կշահագործե՞ն արդյոք միկրոավտոբուսները, թե՞ կպահեն հաջորդ ընտրություններում հրապարակում ցուցադրելու համար՝ հայտնի չէ, բայց որ մարդկանց համբերության բաժակը վաղուց է լցվել, պարզ է:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։