Վարչապետ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ ՄըքՔալիսթերի գլխավորած պատվիրակությանը:
Փաշինյանը կարեւորել է Եվրոպական խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը եւ նշել, որ Եվրոպական միությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգի արդյունավետ իրականացման կարեւորագույն գործընկերներից է:
Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը մանրամասն ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները վերոնշյալ ուղղությամբ եւ պատասխանել ԵԽ պատվիրակության հարցերին:
Զրուցակիցները կարեւորել են տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ապահովումը, այդ ուղղությամբ երկխոսության շարունակականությունը:
Փաշինյանն անդրադարձել է մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին, ինչի կապակցությամբ Դեյվիդ ՄըքՔալիսթերը նշել է, որ Եվրոպական խորհրդարանը եւս կարեւորում է Ադրբեջանի կողմից նրանց վերադարձի ապահովումը եւ շարունակելու է ջանքերն այդ ուղղությամբ:
Ողջունել է Եվրախորհրդարանի բանաձեւերում եւ զեկույցներում ամրագրված դիրքորոշումը
ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ ՄըքՔալիսթերի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաեւ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Վերջինս կարեւորել է AFET-ի գործունեությունը` ուղղված մեր տարածաշրջանի դիմակայունության ամրապնդմանը` հավելելով, որ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված հումանիտար իրավիճակի հարցում Եվրոպական խորհրդարանի ներգրավվածության եւ ըմբռնման աստիճանը մեծ է:
Այս համատեքստում ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Դեյվիդ ՄըքՔալիսթերին եւ Ժելյանա Զովկոյին անկողմնակալ դիրքորոշման եւ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերի համար: Նա հավելել է, որ գնահատելի են նաեւ Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության կոմիտեում ԵՄ պատվիրակության ղեկավար տիկին Մարինա Կալյուրանդի եւ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւի դիտարկումները:
Հանդիպմանը քննարկվել են համատեղ իրականացված եւ նախատեսվող օրակարգային ծրագրերին առնչվող մանրամասներ:
Կողմերն անդրադարձել են ԼՂ վերջին պատերազմին, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններին, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման առնչությամբ Եվրախորհրդարանի համապատասխան բանաձեւերում եւ զեկույցներում ամրագրված դիրքորոշմանը: