Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը հուլիսի 22-ին հեռախոսազրույց են ունեցել։
Զրույցի գլխավոր թեման եղել է երկկողմ համագործակցությունը։ Զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտին վերաբերող հիմնական հարցերը, այդ թվում՝ ներմուծումը փոխարինելու նախագծերը:
Նախագահներն անդրադարձել են նաեւ միջազգային օրակարգին։ Ռուսաստանի ղեկավարը գործընկերոջը տեղեկացրել է Թեհրանում տեղի ունեցած բանակցությունների մասին: Իսկ Լուկաշենկոն Պուտինին շնորհակալություն է հայտնել ազգային ավիափոխադրողին աջակցելու համար. նախօրեին «Բելավիա» ընկերության «Boeing 737-8»–ը Ռուսաստանի ուղղությամբ թռիչքներ իրականացնելու թույլտվություն է ստացել:
Լուկաշենկոն եւ Պուտինը համաձայնեցրել են Ռուսաստանում Բելառուսի նոր դեսպանի նշանակման հարցը: ՌԴ-ում դիվանագիտական առաքելություն կիրականացնի Լուկաշենկոյի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Դմիտրի Կրուտոյը, որ դեսպանի պաշտոնում կփոխարինի Վլադիմիր Սեմաշկոյին: