Ադրբեջանն ու Բուլղարիան կխորացնեն համագործակցությունը էներգետիկ եւ այլ ոլորտներում: Իլհամ Ալիեւը աշխատանքային այցով Բաքվում գտնվող Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ներկայում էներգետիկ անվտանգությունը համաշխարհային օրակարգի գլխավոր առաջնահերթություններից է:
«Ուրախ եմ, որ համագործակցություն ենք հաստատել Բուլղարիայի հետ էներգետիկայի ոլորտում, եւ գազ եք ստանում «Հարավային գազային միջանցք» խողովակաշարով»,- շեշտել է Ալիեւը:
Ադրբեջանի նախագահը հավելել է, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել նաեւ Ասիայից Եվրոպա երկաթուղով տարանցիկ փոխադրումների ոլորտում։
Ի պատասխան՝ Պետկովը երախտագիտություն է հայտնել վերջին վեց ամիսներին Բուլղարիային Ադրբեջանի ցուցաբերած աջակցության համար եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու Բաքվին Եվրամիության շրջանակում:
Ավելի վաղ Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությամբ շահագրգռվածության մասին էր հայտարարել Ադրբեջանում Չեխիայի դեսպան Միլան Սեդլաչեկը: Նա հաստատել է այն միտումը, որ արեւելյան եւ արեւմտյան Եվրոպայում ադրբեջանական գազն ու նավթը սկսել են դիտարկել իբրեւ ռուսական էներգակիրների այլընտրանք: