Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին իսպանական El Pais պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ Միջուկային ծրագրի շուրջ ստանձնած պարտավորություններով գոյություն ուներ իրավական հիմք: Այն ենթադրում էր, որ Իրանը գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մաս կազմող մի շարք հոժարակամ սահմանափակումներ պետք է ընդուներ:
Գրոսսին նշել է, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց հրաժարվել համաձայնագրից, Իրանն աստիճանաբար եւ հետեւողականորեն հրաժարվում է ստանձնած տարբեր պարտավորություններից: Գրոսսին հավելել է, որ 2015-ի համեմատ միջուկային ծրագիրը շատ է շեղվել:
«Դա չի նշանակում, թե Իրանը միջուկային զենք է ստեղծում, բայց ոչ մի երկիր, որը չունի ռազմական ծրագրեր, ուրանը չի հարստացնի այդ մակարդակով՝ 60%-ով»,- ընդգծել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը:
«Ուստի մենք շատ բարդ իրավիճակում ենք, որովհետեւ Իրանը ոչ միայն վճռականորեն եւ արագացված առաջ է շարժվում, այլեւ միաժամանակ նվազեցնում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողությունն այդ բոլոր օբյեկտներում»,- պարզաբանել է Ռաֆայել Գրոսսին: