Ըստ թուրքական Hürriyet պարբերականի՝ Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ ՄԱԿ-ի մասնակցությամբ ստորագրվել է Սեւ ծովի ափերից միջազգային շուկա հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագիրը։ Փաստաթղթերը ստորագրվել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի վկայությամբ։
Միջոցառման ընթացքում ստորագրվեց երկու փաստաթուղթ, որոնցից մեկը Ռուսաստանի, մյուսը՝ Ուկրաինայի հետ։ Ռուսաստանից ու Թուրքիայից փաստաթղթերը ստորագրել են պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Հուլուսի Աքարը, իսկ ուկրաինական կողմից՝ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրյակովը։
Փաստաթղթով նախատեսվում է հացահատիկի արտահանման համար անվտանգության միջանցք ստեղծել։ Այդ է պատճառը, որ փաստաթուղթը ստորագրում են պաշտպանության նախարարները։
Ըստ համաձայնագրի՝ այդ միջանցքով հացահատիկով բեռնված նավերը պետք է դուրս գան նավահանգիստներից եւ, անցնելով Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները, սահմանված ուղով մեկնեն համապատասխան երկրներ։ Նախատեսվում է, որ գործընթացի համակարգման համար Ստամբուլում կստեղծվի համապատասխան կենտրոն։ Նավերը Թուրքիայի սահմանած կետերում կանգնեցվելու եւ ստուգվելու են։ Դրանց մասնակցություն է ունենալու նաեւ ռուսական կողմը։
Նավերի անցումը Ստամբուլում կվերահսկի ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող մշտադիտարկման խումբը
Թուրքիան բանակցող կողմերից երաշխիքներ է ստացել, որ ուկրաինական հացահատիկի արտահանման մասին համաձայնագրերը չեն օգտագործվի ռազմական նպատակներով: Սեւ ծովով հացահատիկով բեռնված նավերի անցումը Ստամբուլում կվերահսկի ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող մշտադիտարկման խումբը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Մոսկվան եւ Կիեւը միմյանց հետ հացահատիկի համաձայնագիր չեն ստորագրի։ Նա պարզաբանել է, որ ուկրաինական կողմը փաստաթղթեր է ստորագրելու Անկարայի եւ ՄԱԿ-ի հետ:
ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արեւմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ հացահատիկն Ուկրաինայից արտահանելու խնդիրներ չկան, եւ Ռուսաստանը որեւէ կերպ չի խոչընդոտում։ Պուտինը հավելել է, որ եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որեւէ դժվարության։