ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը համոզմունք է հայտնել, որ Վաշինգտոնը համաձայն չէ Կիեւի հայտարարություններին, թե Ուկրաինային բավականաչափ ռազմական աջակցություն չի հատկացվում:
Ըստ Սալիվանի՝ ԱՄՆ-ը երբեմն հրաժարվում է կոնկրետ զինատեսակների մատակարարումից, քանի որ ցանկանում է խուսափել Երրորդ համաշխարհային պատերազմից:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը շաբաթասկզբին հույս էր հայտնել, որ Միացյալ Նահանգները կտրամադրի մինչեւ 100 HIMARS համակարգեր:
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին իր հերթին հայտնել է, որ Միացյալ Նահանգները ստորագրել է եւս 270 միլիոն դոլարի ռազմական օգնություն Ուկրաինային:
Սպասվում է, որ փաթեթում կներառվեն չորս HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 36 հազար միավոր հրետանային զինամթերք, հակատանկային սպառազինություն եւ ավտոմոբիլային տեխնիկա:
ԱՄՆ-ը ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակում Ուկրաինային 580 Phoenix Ghost հարվածային անօդաչու սարքեր կփոխանցի։ Ըստ լրատվամիջոցների` Phoenix Ghost համակարգը կամիկաձե դրոն է։ Քիրբին նշել է, որ անօդաչուների արժեքը մոտ 100 միլիոն դոլար կլինի։
Ավելի վաղ Կիեւ այցելած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հրաժարվել են անհապաղ զենքի նոր խմբաքանակ փոխանցելու վերաբերյալ Վլադիմիր Զելենսկու պահանջը բավարարելուց։ Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո Մակրոնը հայտարարել էր, որ Արեւմտյան երկրները Կիեւին ինքնաթիռներ եւ գրոհային տանկեր չեն տրամադրի: