2021 թվականի մարտի 3-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հրապարակեց «Ազգային անվտանգության միջանկյալ ռազմավարական ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը: Տնտեսության բարելավումը, ռազմարդյունաբերության արդիականացումը, միջազգային հարթակներում ԱՄՆ-ի դիրքերը վերականգնելն ու ամերիկյան դաշինքների ցանցում գործընկերությունը վերակենդանացնելը ընդգծված են որպես Բայդեն-Հարիս Սպիտակ տան ազգային անվտանգության ռազմավարության առանցքային տարրեր:
Այսպիսով նախանշվում է Թրամփի մեկուսացման քաղաքականության ավարտը, երբ Բայդենը փաստացի վերահաստատում է համաշխարհային գործընթացներում ԱՄՆ-ի դերը վերականգնելու նպատակով դաշնակիցների եւ գործընկերների հետ նորովի համագործակցության ուղիներ գտնելու իր նախընտրական խոստումը:
Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, Չինաստանի հետ միասին, երկու տասնյակից ավելի էջեր ունեցող Բայդենի տեսլականի կենտրոնական թեմաներից են: Ըստ փաստաթղթի այս երկու գերտերությունները, մարտահրավեր են դիտարկվում ամերիկյան աշխարհայացքին, ժողովրդավարությանը, ինչպես նաեւ ներկայիս աշխարհակարգին ու միջազգային անվտանգությանը։ Փաստաթղթում Ռուսաստանը հիշատակվում է հինգ անգամ եւ նկարագրվում, որպես «ապակայունացնող ուժ»։
Ռուսաստանը շարունակում է վճռականորեն ամրապնդել իր ազդեցությունն ամբողջ աշխարհում` հաճախ նպաստելով պառակտումների համաշխարհային թատերաբերում: Պեկինը եւ Մոսկվան մեծ ջանքեր են գործադրում ամբողջ աշխարհում ամերիկյան ներկայությունը թուլացնելու ուղղությամբ:
Եթե Թրամփի ազգային անվտանգության ռազմավարության հենասյունը` «Ուժի միջոցով խաղաղություն ապահովել»-ն էր, ապա Բայդենի վարչակազմը որդեգրել է «ռազմական ուժի խելամիտ կիրառությունն ու դիվանագիտությունը որպես խնդիրների լուծման առաջնային միջոց» դիտարկելու տրամաբանությունը:
Այնուամենայնիվ, Բայդենը շեշտադրում է նաեւ ռազմական կարողությունների արդիականացման կարեւորությունը եւ տեխնիկայի վերջին նորույթների միջոցով մարտի դաշտում ռազմական առավելությունն ապահովելը:
Միջուկային զենքի չտարածումն ու վերահսկումը, ինչպես նաեւ սպառազինությունների մրցավազքը նույնպես հիշատակվում են փաստաթղթում։
Երբ մենք կրկին ներգրավվենք միջազգային համակարգում, անդրադառնալու ենք միջուկային զենքի պատճառով ծառացած գոյաբանական սպառնալիքին: Այսպես, դադարեցնելու ենք սպառազինությունների ծախսատար մրցավազքը եւ վերականգնելու զենքի վերահսկման եւ միջուկային զենքի չտարածման ոլորտում ԱՄՆ-ի առաջատար դերը։ Այդ իսկ պատճառով մենք շտապեցինք երկարաձգել ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման պայմանագրի գործունեության ժամկետը Ռուսաստանի հետ։ Հնարավորության դեպքում նաեւ հետամուտ ենք լինելու զենքի վերահսկման նոր պայմանավորվածությունների: Ի թիվս այլոց, քայլեր կձեռնարկենք նաեւ ազգային անվտանգության ռազմավարությունում միջուկային զենքի դերը նվազեցնելու ուղղությամբ, միեւնույն ժամանակ վստահ լինելով, որ մեր ռազմավարական սպառազինություններն անվտանգ են, գործում են հուսալի եւ արդյունավետ, իսկ մեր դաշնակիցների նկատմամբ պարտավորությունները՝ ամուր եւ վստահելի: Նպատակ ունենք նաեւ արդյունավետ երկխոսություն ծավալել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ` ռազմատեխնիկական ոլորտում, որոնք կնպաստեն ռազմավարական կայունությանն ամբողջ աշխարհում:
Պատրաստեց Գայանե Գասոյանը