Կորոնավիրուսային համաճարակի ու երկարատեւ կարանտինի պատճառով անցած տարի ճգնաժամային վիճակում հայտնվեց նաեւ ռեստորանային ոլորտը: Պարետատունը բավականին խիստ կանոններ էր սահմանել այս ոլորտի համար, բացի այդ՝ մարդիկ այդ օրերին հազիվ թե ռեստորան կամ սրճարան հաճախեին: Հաճախելու դեպքում էլ սովորականից փոքր բյուջե էին հատկացնում հանգստի ու ժամանցի համար: Այդպես հասարակական սննդի բազմաթիվ օբյեկտներ փակվեցին:
Ռեստորանների միության նախագահ Վահե Գեւորգյանը «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում ասաց, որ նախորդ տարվա համեմատ՝ 2020 թվականին ոլորտը 35-40 տոկոսով անկում է ունեցել: Միության անդամ է ոլորտը ներկայացնող ընկերությունների մոտ 70 տոկոսը, եւ իրավիճակի գնահատականը կարելի է ներկայացնել թեեւ մոտավոր, բայց հնարավորինս ճշգրիտ. անցած տարի փակվել է մոտ 100 ընկերություն, 900-ն էլ ժամանակավոր է փակվել կամ արդեն գործում է:
Գործողներն էլ թերծանրաբեռնված են աշխատում: «Գրեթե ամբողջ տարին ոլորտի աշխատանքը դադարեցված էր, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին է որոշակի աշխուժացում եղել, երբ վիրուսի տարածումը նվազել էր: Բայց Արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում ու մինչեւ դեկտեմբերի վերջը աշխատանքը կրկին դադարեցվել է։ Որոշակի աշխուժացում կար նաեւ ամանորյա տոներին, բայց միեւնույնն է, նախկինը չէր»,- ասում է Վահե Գեւորգյանը:
Իրենց շրջանառությունը կարողացել են պահել եւ շատ կորուստներ չունենալ հանրային սննդի հատկապես այն օբյեկտները, որոնք արագ կողմնորոշվել ու առաքման ծառայությունն են զարգացրել: Իսկ կոնկրետ սրճարանները կամ ռեստորանները շատ են տուժել: Ոլորտում շրջանառության անկումը եղել է զբոսաշրջիկների գրեթե իսպառ բացակայության ու ներքին հաճախորդների կրճատման պատճառով:
Պարզվում է՝ մինչեւ համաճարակը ռեստորանների շրջանառության մոտ 60 տոկոսը գոյացել է օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքից, 40 տոկոսը՝ ներքին հաճախորդների այցելություններից: Փորձագետն ասում է՝ միջին հաշվարկով զբոսաշրջիկներն իրենց ծախսած գումարի 20-25 տոկոսը հատկացնում են սննդին: 2019-ին, երբ տուրիզմի ոլորտը բավականին աշխույժ էր, զբոսաշրջիկները մեր երկրում ծախսել են մոտ 1,2 մլրդ դոլար, որից 250-300 միլիոնը բաժին է հասել սննդին ու հատկապես ռեստորաններում ու սրճարաններում սնվելուն (Զբոսաշրջության վրա համաճարակի ազդեցությանը առանձին կանդրադառնանք, ռեստորանային ու սրճարանային գործը ինչ-որ չափով ածանցյալ է այդ ոլորտին)։
Իսկ անցած տարի կորուստը չնչին չափով փորձել է հատուցել կառավարությունը համաճարակի շրջանակում նախաձեռնած ծրագրերով: «Դրանք հիմնականում աշխատատեղերի պահպանման ծրագրեր էին. երկու անգամ միանվագ ձեւով աշխատավարձի մոտ 20 տոկոսի վերադարձ եղավ: Օգոստոսին արդեն 9-ամսյա ծրագիր համաձայնեցրինք, որը ենթադրում էր աշխատավարձերի 25-30 տոկոսի վերադարձ, եւ օգնեց, որ բիզնեսը պահպանի աշխատատեղերը: Պատերազմից հետո սառեցվեց, բայց տարեվերջին սկսեց գործել: Աշխատավարձի ֆոնդի մասով մոտ 2,5 մլրդ դրամ է տրվել»,- ասում է Գեւորգյանը:
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։