ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ փոխնախարար Արման Խոջոյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի Հանրապետության 2022 թ․ պահանջարկը գյուղատնտեսական առանձին ապրանքների համար։
Քննարկումների ընթացքում Եվրասիական տնտեսական միության խորհրդի անդամները հաստատել են ՀՀ գյուղատնտեսական առանձին ապրանքների 2022-ի առաջարկի եւ պահանջարկի ինդիկատիվ հաշվեկշիռները՝ ձեւավորված Եվրասիական տնտեսական միության պետությունների լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ։
Ըստ կանխատեսումների՝ 2022-ի Հայաստանում ցորենի սպառման ծավալը կկազմի 377 հազար տոննա։
Հանրապետության ներքին շուկայում պարենային անվտանգության ապահովման նպատակով այս մշակաբույսերի անհրաժեշտ ծավալը մինչեւ տարեվերջ կհամալրվի ՌԴ-ից մատակարարումների ավելացման հաշվին՝ մինչեւ 275 հազար տոննա։ Համանման իրավիճակ է գարու եւ եգիպտացորենի դեպքում, համապատասխանաբար՝ 43 հազար եւ 60 հազար տոննա։
Բացի դրանից՝ արեւածաղկի ձեթի ներքին պահանջարկը ՀՀ-ում 2022-ի ընթացքում կանխատեսվում է շուրջ 27 հազար տոննա։ Մինչեւ տարեվերջ արեւածաղկի ձեթի սպառման անհրաժեշտ ծավալն ամբողջությամբ կապահովեն մատակարարումները Ռուսաստանից։