Հայաստանում բնակվող սպիտակ արագիլները տարիներ շարունակ տարբեր պատճառներով աղտոտվում են։ Այնքան են յուղոտվում եւ փոշոտվում, որ ոչ միայն սեւանում են, այլեւ չեն կարողանում թռչել, մնում են սոված, հյուծվում կամ տարբեր վնասվածքներ են ստանում։
Վարդավառի նախօրեին «Էնդեմիկ եւ վտանգված տեսակների պահպանման հիմնադրամի» եւ BirdLinks Հայաստան կազմակերպության կենդանաբաններն ու թռչնաբանները հորդորել էին Վարդավառ կազմակերպել գոյատեւման վտանգի առջեւ կանգնած արագիլների համար։
«Արագիլներին լվանալու օրն այս անգամ ընտրել ենք ազգային-եկեղեցական տոնին, քանի որ Վարդավառի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը: Մեր աղավնիները կլինեն արագիլները, որոնց նախապես արդեն բուժել ենք, կերակրել, հիմա էլ կլվանանք ու կտանք նրանց ապրելը շարունակելու հնարավորություն»,- նշեց կենդանաբան Մանուկ Մանուկյանը։
Նախաձեռնությանն արձագանքել էին բնասերներ, պարզապես սրտացավ մարդիկ, անգամ Հայաստանում ժամանակավոր բնակվող օտարերկրացիներ։ Քսան կամավորներ օգնել են լողացնելու Արարատյան դաշտում բնակվող աղտոտված 14 արագիլների։
Թռչնաբանները 5-10 օրից բաց կթողնեն մաքրված արագիլներին։
«Լողանալուց հետո թռչուններին ժամանակ է պետք, որ փոքր-ինչ ուշքի գան, լավ սնվեն, կազդուրվեն, փետուրներն էլ չորանան ու նորից ապահովեն թռչողականությունը»,- պարզաբանեց Մանուկյանը։
Արագիլների խնդրով վերջին տարիներին զբաղվում են մի քանի կազմակերպություններ, պատասխանատու պետական մարմիններ, սակայն աղետը շարունակվում է։ Հիմնական պատճառները Արարատյան դաշտի ջրագծերի աղտոտվածությունն ու աղբանոցներն են, որտեղից արագիլները սնունդ են հայթայթում։
Դիցուք՝ 2020-ին Արարատի մարզում արագիլների աղտոտման հիմնական պատճառը բնադրավայրերին մոտ գործող ձկնաբուծարաններից մեկի խոշոր ծավալի արտանետումներն էին։
Դեռեւս մեկ տարի առաջ Գերմանիայի Բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ մարզի արագիլների շուրջ 60%-ն աղտոտված է։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։