Միջազգային ոչ կառավարական Freedom House կազմակերպության «Ազատությունն աշխարհում-2021» ամենամյա զեկույցի վարկանշային աղյուսակում Հայաստանը կրկին դասվել է մասամբ ազատ երկրների շարքին: Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի Հայաստանը երկու միավորով բարելավել է իր ցուցանիշը՝ վաստակելով 55 միավոր հարավոր 100-ից (քաղաքական իրավունքներ՝ 22 միավոր, քաղաքացիական ազատություն ` 33):
Հատկանշական է, որ այս ցուցանիշը չի արտացոլում Արցախում տիրող իրավիճակը: Զեկույցներում ներկայացվում է տվյալ աշխարհագրական տարածքներում քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների մակարդակը՝ անկախ պետության, ոչ պետական դերակատարների կամ արտաքին ուժերի կողմից ունեցած ազդեցությունից: Ինչ վերաբերում է վիճելի տարածքներին, ապա դրանք որոշակի չափանիշներին համապատասխան լինելու դեպքում երբեմն գնահատվում են առանձին: Այս հարցում կարեւորվում է հատկապես սահմանային կայունության խնդիրը:
«Ազատությունն աշխարհում-2021» զեկույցում նշվում է, որ Հայաստանը կարեւոր անցումային փուլում է: Երկրի գործող կառավարությունը պարտավորվել է երկարատեւ լուծումներ ենթադրող մի շարք խնդիրներով զբաղվել, այդ թվում` համակարգային կոռուպցիան, թերի ընտրական համակարգը, օրենքի գերակայության ապահովումն ու մի շարք այլ հիմնահարցեր:
Ըստ զեկույցի, Հայաստանը լրջագույն հարված է ստացել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով, որը էականորեն ապակայունացրել է տարածաշրջանը: Զեկույցը փաստում է նաեւ, որ պատերազմը դադարեցնելու հարցում միջազգային ներգրվվածությունը բացակայում էր: Այս առումով առանցքային նշանակություն ուներ Ռուսաստանը, որն ամրագրեց Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները, սակայն անպատասխան թողեց շատ այլ կարեւոր հարցեր:
Իրավապաշտպան կառույցը փաստում է, որ Արցախում տեղի ունեցած մարտերը բացասական ազդեցություն են ունեցել ժողովրդավարության տեսանկյունից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր իշխանությունն ամրապնդելուց զատ, նաեւ սպառնում է ապակայունացնել Հայաստանի ներքաղաքական վիճակը՝ վտանգելով 2018 թվականից հետո երկրի ժողովրդավարության ոլորտում գրանցված բազմաթիվ ձեռքբերումներ:
Զեկույցում հիշատակվում է նաեւ 2020-ի նոյեմբերին Հայաստանում Խորհրդարանի շենքի եւ Ազգային Ժողովի խոսնակի դեմ հարձակումները: Նման անկարգությունները վտանգում են երկրի առաջընթացը եւ հնարավոր է այնպիսի իրադարձությունների շղթա հրահրեն, որով Հայաստանը կնմանվի բռնապետական միտումներ ունեցող իր հարեւան երկրներին,- նշվում է Freedom House-ի զեկույցում:
Պատրաստեց Մերի Մնացականյանը