Ըստ իրանական Tasnim գործակալության՝ Իրանի Ատոմային էներգիայի ազգային գործակալության տնօրեն Մոհամադ Էսլամին հայտարարել է, որ մինչեւ 2015-ին կնքված համաձայնագրի գործողության վերջնական վերականգնումը Իրանը մտադիր չէ միացնել իր միջուկային օբյեկտներում տեղադրված տեսչական տեսախցիկները։
Իրանի իշխանությունները երկրի միջուկային օբյեկտներում ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեղադրած տեսախցիկներն անջատել էին նախորդ ամիս՝ պնդելով, որ միջուկային գործարքի փաստացի արգելափակման պայմաններում դրանց գոյությունն իմաստազուրկ է։
Իրանի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարը շեշտել է, որ նշված տեսախցիկներն անմիջականորեն առնչվում էին միջուկային համաձայնագրին։ «Եթե Արեւմուտքը վերադառնում է համաձայնագրի դրույթների կատարմանը, ուրեմն մենք տեսախցիկների հարցով համապատասխան որոշում կընդունենք»,- հայտնել է Էսլամին։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ Միջուկային ծրագրի շուրջ ստանձնած պարտավորություններով գոյություն ուներ իրավական հիմք: Այն ենթադրում էր, որ Իրանը գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մաս կազմող մի շարք հոժարակամ սահմանափակումներ պետք է ընդուներ:
Նա հավելել է, որ այն բանից հետո, ինչ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց հրաժարվել համաձայնագրից, Իրանն աստիճանաբար եւ հետեւողականորեն հրաժարվում է ստանձնած պարտավորություններից եւ 2015-ի համեմատ միջուկային ծրագրից շատ է շեղվել:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն ընդգծել էր, թե իհարկե դա չի նշանակում, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում, բայց եթե այդ երկիրն ուրանը հարստացնում է 60%-ով, ուրեմն բանակցություններում շատ բարդ իրավիճակ է ստեղծվել:
Ավելի վաղ Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել էր, որ Իսրայելը Իրանի միջուկային ծրագրի դեմ միակողմանիորեն գործելու իրավունք ունի՝ առանց հաշվի առնելու՝ դրա շուրջ միջազգային հանրության եւ Թեհրանի միջեւ համաձայնագիր գոյություն ունի, թե ոչ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին հայտարարել էր, որ Իրանը կրճատել է միջուկային զենքի ստեղծման համար օգտագործվող նյութերը ձեռք բերելու ժամանակը՝ հասցնելով մի քանի շաբաթի:
Պաշտոնական Թեհրանը հերքել է վերոնշյալ բոլոր մեղադրանքները եւ հայտարարել, որ մտադիր չէ միջուկային զենք ստեղծել: