Հայաստանի տնտեսությունն այս տարվա առաջին կիսամյակում երկնիշ՝ 11,8 տոկոս ակտիվության աճ է գրանցել։ Ընդ որում՝ հունիսին մայիսի համեմատ 17 տոկոս աճ է գրանցվել։ Աճել են բոլոր ոլորտները՝ բացի գյուղատնտեսությունից, որն ունեցել է 5,5 տոկոս անկում։
Վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական ցուցանիշները, որոնց համաձայն՝ հունվար-հունիսին ամենաշատը՝ 48,7 տոկոսով աճել է ներմուծումը, իսկ ընդհանրապես արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 44 տոկոսով։ Արտահանումն աճել է 36 տոկոսով։
Տնտեսության աճն ապահովել է հիմնականում ծառայությունների ոլորտը, որը 6 ամիսների ընթացքում գրանցել է 26,9 տոկոս աճ։ Ամենայն հավանականությամբ սա տեղի է ունեցել Հայաստան եկած Ռուսաստանի քաղաքացիների շնորհիվ։ Տարբեր հաշվարկների համաձայն՝ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում ժամանակավոր բնակության համար մեր երկիր են տեղափոխվել 80-100 հազար ռուսներ։ Նրանք հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ են, որոնք վճարունակ են, ծախսում են, արդյունքն այն է, որ մեր տնտեսությունը, մասնավորապես ծառայությունների ոլորտը նման բարձր աճ է գրանցել։
Բնակարան վարձակալելուց առաջ նրանք 2-3 շաբաթ ապրում են հյուրանոցներում։ Երկրին եւ հատկապես Երեւանին ծանոթանալու համար շրջում են, սրճարաններից ու ռեստորաններից են օգտվում, իսկ դա արդեն ծառայությունների ոլորտն է։
Բարձր աճ է գրանցել նաեւ առեւտրի ոլորտը՝ 10,7 տոկոս։ Այստեղ էլ ռուսները մեծ դեր ունեն, ի վերջո հավելյալ 80-100 հազար վճարունակ մարդու ներկայությունը միանշանակ զգալի ազդեցություն է թողնում պաշտոնական տվյալներով ընդամենը 3 մլն երբեմն մի փոքր պակաս բնակչություն եւ մոտ 27 տոկոս աղքատություն ունեցող Հայաստանի տնտեսության վրա։
Տարիներ շարունակ վերլուծություններ, կարծիքներ են հնչել, թե Ռուսաստանը ներդրումներ է կատարում Հայաստանում, Ռուսաստանից փող է գալիս Հայաստան, եւ որ առանց Ռուսաստանի մեր տնտեսությունը կկործանվեր։ Բայց ՌԴ-ից մեր երկիր ինչպես գումար մտել է, այդպես էլ վերադարձել է։ Հայաստանում հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունների մեծ մասը՝ «Գազպրոմ-Արմենիան», ՀԷՑ-ը, ատոմակայանը, բջջային կապի օպերատորները, մեր երկաթուղին, խոշոր հանքերի մի մասը պատկանում են այդ երկրին կամ հանձնված են այդ երկրի կառավարմանն ու շահագործմանը։
Հայաստանի քաղաքացիներից այդ ոլորտների ու տնտեսվարողների ստացած շահույթը Ռուսաստանի պետական եւ մասնավոր ընկերությունների սեփականությունն է։ Այդպիսով մինչեւ այժմ ՌԴ-ն եթե մի ձեռքով տվել է, մյուս ձեռքով տարել է։ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած մեր քաղաքացիների վաստակած գումարով այստեղ նրանց ընտանիքները վճարում են սպառած գազի, հոսանքի, բջջային կապի եւ այլ ծառայությունների համար, որոնց սեփականատերն այդ երկիրն է։
Բայց տասնյակհազարավոր ռուսների գալն ու մեր երկրում ապրելն այն եզակի դեպքերից է, երբ Հայաստանը Ռուսաստանից, ավելի շուտ այդ երկրի քաղաքացիներից անմիջական օգուտ է ստացել եւ բարձր տնտեսական աճ գրանցել։ Եվ որ ամենակարեւորն է, Ռուսաստանը դրանից իր բաժինը չի կարող ունենալ՝ չի կարող հարկել այդ օգուտը, տոկոս ուզել եւ այլն։ Իսկ ռուսները Հայաստանում կապրեն եւ փող կծախսեն առնվազն մինչեւ այս տարվա ավարտը։
Մյուս կողմից էլ Ուկրաինայի վրա հարձակվելու պատճառով ՌԴ-ի նկատմամբ արեւմտյան երկրների սահմանած պատժամիջոցներն անուղղակիորեն ազդում են նաեւ Հայաստանի վրա, դրանցից տուժում է նաեւ մեր տնտեսությունը, հատկապես արտադրող-արտահանողները։ Կտրուկ արժեզրկվել են դոլարն ու եվրոն, ինչը ոչ միայն ՌԴ-ում, այլեւ ողջ աշխարհում ավելի է նվազեցրել մեր արտահանած ապրանքների մրցունակությունը։ Այնպես որ մասնագիտական խոր վերլուծություն է պետք հասկանալու համար, թե անգամ այս դեպքում ՌԴ-ից եկող օգո՞ւտն էր շատ, թե՞ վնասը։
Երկնիշ՝ 12,7 տոկոս աճ է գրանցվել նաեւ շինարարության ոլորտում։ Այստեղ էլ ակտիվությունը նկատելի է։ Հատկապես ամբողջ Երեւանում մեծ թափով բնակարանաշինություն է ընթանում։ 14,8 տոկոս աճ գրանցել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, իսկ արդյունաբերության ոլորտում 5,8 տոկոս աճ է եղել։
Բարձր է նաեւ գնաճը՝ 8,1 տոկոս։ Այստեղ էլ պետք է նշել, որ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում գրանցված բարձր աճը հաշվարկված է գումարով, ոչ թե ծավալով։ Եվ նման բարձր գնաճն իր ազդեցությունն է ունեցել տնտեսական աճի՝ գումարային ցուցանիշի վրա։ Այսինքն՝այդ աճի մի մասն իրականում չկա, եւ բարձր ցուցանիշ է ստացվել ապրանքների թանկացման հետեւանքով։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։