Վերջին օրերին Թուրքիայի նահանգային իշխանությունները պայքարում են երկրի տարբեր նահանգներում բռնկված անտառային հրդեհների դեմ, հայտնում է Anadolu գործակալությունը։
Մասնավորապես, Քյութահիա նահանգում անհայտ պայմաններում բռնկված հրդեհի հետեւանքով վնասվել է մոտ 270 հեկտար անտառածածկ տարածք։ Օրեր տեւած հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են 26 ուղղաթիռ, 9 ինքնաթիռ, 78 ջրցան մեքենա։ Ըստ տեղական իշխանությունների՝ 24-ժամյա անդադար աշխատանքի արդյունքում հուլիսի 25-ին մասշտաբային հրդեհն արդեն դարձել է կառավարելի, բայց դեռ չի հաջողվել այն ամբողջությամբ մարել։
Իսկ հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը կրկին անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել Մերսինի նահանգում գտնվող Թոփաշըր անտառածածկ տարածքում։ Մարման աշխատանքներ իրականացնելու համար ուղարկվել են ջրցան մեքենաներ, երկու ուղղաթիռ։ Ըստ պարբերականի՝ մարման աշխատանքները դեռ շարունակվում են, հրշեջները փորձում են կանխել հրդեհի տարածումը։