Մարտի 10-ից Երեւանի կինոթատրոններում կցուցադրվի ֆրանսահայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը։ Առանցք ունենալով Ստեփանակերտի չգործարկված օդանավակայանի խնդիրը՝ ֆիլմն առավել լայն հայացքով ներկայացնում է Արցախը։
Ֆիլմն անցած տարի ընդգրկվել էր Կաննի 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ընտրացանկում։ Այս պատվին հետանկախության շրջանի հայկական կինոն արժանանում է առաջին անգամ։ Առաջին անգամ է նաեւ, որ Անկախ կինոյի տարածման ասոցիացիան (ACID-Association du Cinéma Indépendant pour sa Diffusion) եւ Կաննի կինոփառատոնը համատեղ ներկայացնում է մեկ աշխատանք՝ համարելով այն «համընդհանուր ֆավորիտ»։
Ըստ Variety.com կայքի՝ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը նամակներ է տարածել ընդդեմ ֆիլմի փառատոնային ցուցադրությունների: Եւ չնայած այս ջանքերին՝ Արցախի մասին պատմող ֆիլմը մասնակցել է Տորոնտոյի, Անգուլեմի, Սալոնիկի, Տալլինի եւ տասնյակ այլ կինոփառատոնների:
Նկարահանումները կատարվել են Հայաստանում եւ Արցախում, այն Հայաստանի, Ֆրանսիայի եւ Բելգիայի համատեղ արտադրություն է։