Հուլիսի 23-ին Արցախի ԱԺ պաշտոնական կայքում հրապարակվեց Արթուր Թովմասյանի ուղերձը, որում նա ողջունում էր Հայաստանի խորհրդարանի «ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու եւ պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը»։
Թովմասյանը նաեւ հորդորեց, որ «միայն միասնաբար գործելով հաջողություն կարձագրենք»՝ այս անգամ արդեն նկատի ունենալով Հայաստան-Արցախ խորհրդարանական համագործակցությունը, եւ ամփոփեց, որ սեպտեմբերի 2-ին «սիրով կհյուրընկալի» Հայաստանի ԱԺ «բոլոր խմբակցությունների պատգամավորներից կազմված պատվիրակությանը»։
Հետեւեց «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր Արամ Վարդեւանյանի՝ թեեւ հնարավորինս «նուրբ» ձեւակերպված, բայց փաստացի շատ կոպիտ արձագանքը։ Նա Արցախի խորհրդարանի խոսնակին խորհուրդ տվեց դիմել իշխող խմբակցությանը եւ «մի պարզ հարց տալ՝ արդյոք իրենք հրապարակային կարող են ասել, որ Արցախը չի կարող լինել ադրբեջանի (հեղինակի ուղղագրությունը պահպանվում է-Վ․Ա․) կազմում, կամ ինքնորոշման իրավունքի նշաձողի իջեցումը ցեղասպանություն է Արցախի ժողովրդի նկատմամբ», որից հետո Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը շտապեց Թովմասյանի ուղերձը «չեղարկել», բայց ուժի մեջ թողեց սեպտեմբերի 2-ին Հայաստանի ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին Ստեփանակերտ այցի հրավերը։
Ավելի ուշ սկանդալային հայտարարություն արեց «Հայաստան» դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Ագնեսա Խամոյանը՝ ակնարկելով, թե ինչ-որ մեկը «գողացել է Արցախի ԱԺ հարգարժան նախագահի հեռախոսը», եւ ինքը հույս ունի, որ այն կվերադարձվի տիրոջը։
Արթուր Թովմասյանի «ուղերձում» ուշագրավ դիտարկում կար առ այն, որ Արցախը չունի «ներքաղաքական, կուսակցային (բնագրում այս բառն է) շահերին միտված օրակարգեր», եւ արցախցիները «միասնաբար են հաղթահարում արտաքին եւ ներքին մարտահրավերները»։ Ըստ երեւույթին, հենց այս ենթատեքստային հղումն է «ափերից հանել» Արամ Վարդեւանյանին, եւ նա Արթուր Թովմասյանին հորդորել է, մեղմ ասած, «չմտնել մատի եւ մատանու արանքը», չփորձել Հայաստանի իշխանության եւ ընդդիմության միջեւ «միջնորդ լինել»։
Ավելին՝ նա Արցախի խորհրդարանի խոսնակի համար գծել է «պատասխանատվության շրջանակ», այն է՝ Հայաստանի իշխող ուժից պահանջել հրապարակային հայտարարություն, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, կարգավիճակի հարցում նշաձող չպետք է իջեցվի։
Եթե անկեղծ լինենք, պիտի ասենք, որ Վարդեւանյանի «նախապայմանը» շատ տրամաբանական է եւ բխում է Արցախի ԱԺ ապրիլի 14-ի Հայտարարության տառից եւ ոգուց։ Վարդեւանյանը, փաստացի՝ «Հայաստան» դաշինքը, Թովմասյանի հետ խոսում է «ով ասել է Ա, պետք է նաեւ Բ ասի» սկզբունքով։ Ով մայիսի 28-ին Ստեփանակերտում կազմակերպել է «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսով երթ-հանրահավաք, չի կարող երկու ամիս անց Հայաստանի իշխանության եւ ընդդիմության երկխոսության նախաձեռնող լինել։ Ով «գործուղման» պատրվակով խուսափել է ԱԺ-ում Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանին ընդունելուց, կորցրել է սեպտեմբերի 2-ի առթիվ Երեւանից Ստեփանակերտ բազմակուսակցական խորհրդարանական պատվիրակություն գործուղելու խորհրդի իրավունքը։
Արամ Վարդեւանյանը Արթուր Թովմասյանին դա է ասել։ Ամեն ինչ «ոճի մեջ է»։ Այլ հարց է, թե Հայաստանին եւ Արցախին ինչ է դա տալիս կամ ինչ է խլում նրանցից։ Ոչինչ չի տալիս, խլում է շատ բան, որովհետեւ կարդում ես Թովմասյան-Վարդեւանյան «փոխհրաձգությունը» եւ դառնությամբ համոզվում, թե ինչ աստիճանի է հասել մեր պետական-քաղաքական-հանրային կյանքի դեգրադացիան։ Սա պարզապես աղետ է, որի արդեն շա՜տ հեռավոր պատկերվող սկիզբը սեպտեմբերի 2-ի կամ մայիսի 9-ի օրով կազմակերպվող տոնախմբություններն են, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մասին քառորդդարյա շաղակրատանքները եւ բոլոր հարցերը «տնավարի կարգավորելու» ավանդույթը։ Թվում էր՝ քառասունչորսօրյա պատերազմը Ստեփանակերտում քաղաքական եթե ոչ իմաստնության, գոնե սթափության եւ պատմական պատասխանատվության կմղեր։
Ստացվում է, որ ոչ միայն չենք հասունացել, այլեւ մի բան էլ կորցրել ենք։ Այլապես Արցախի խորհրդարանի նախագահը չէր հրապարակայնացնի Հայաստանում իշխանության եւ ընդդիմության միջեւ «կամուրջ կապողի» իր առաքելությունը եւ կոշտ, նվաստացուցիչ հակադարձման չէր արժանանա։
Փորձեք «միջադեպը» գնահատել նույնիսկ ոչ ադրբեջանական, պարզապես օտար հայացքով։ Չէ՞ որ դա ակնհայտ վկայություն է, որ հայկական օրակարգ պարզապես չկա։ Որ հատկապես Արցախում ամեն ինչ «ավտոպիլոտի ռեժիմում» է։ Այսօր կարելի է մի հայտարարություն անել, վաղը՝ մեկ այլ։ Նայած թե «քամին որտեղից է փչում»։
Ակնհայտ է, որ «Հայաստան» դաշինքին Արցախը հետաքրքրում է այնքանով, որքանով «հականիկոլական» է։ Այլ աուրա նրան ոչ միայն չի գոհացնում, այլեւ նյարդայնացնում է։ Այդպես չէր լինի, եթե Ստեփանակերտը քառասունչորսօրյա աղետի համար պատասխանատվության իր շատ մեծ բաժինը քաղաքական համարժեքությամբ ստանձներ։ Թեկուզ՝ անբառ։
Ստեփանակերտը, ցավոք, նախընտրել է անպատասխանատու շատախոսությունը։ Եվ պարբերաբար հայտնվում է «կուրիոզային» իրավիճակներում։ Սա լրջագույն մարտահրավեր է Հայաստանի ոչ այնքան ներքին, որքան արտաքին քաղաքականությանը։ Ստեփանակերտը «ակումբի հավաքատեղի» չէ, այլ պետության մայրաքաղաք։ Կապ չունի, թե այդ պետության տարածքն ինչքան է, ճանաչված է, թե ոչ, նրա մասին խոսելիս աշխարհում ինչ ձեւակերպումներ են օգտագործում։ Ստեփանակերտը պետք է լինի քաղաքական պատասխանատու։ Ոչ թե փորձի տեղավորվել «մատի եւ մատանու արանքում», ինչ «մատ» եւ «մատանի» էլ որ նրան «հրավիրի»։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։