ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ջերմությամբ եւ դողով ուղեկցվող կամ առանց դրա նոր, անբացատրելի մաշկային ցան, մարմնի որեւէ մասի վերք նկատելու դեպքում պետք է դիմել բժշկական օգնության, քանի որ հնարավոր է՝ դա կապիկի ծաղկի ախտանշան լինի։
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տեւում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից՝ տարածվելով մարմնի տարբեր հատվածներում:
Վարակի փոխանցումը մարդուց մարդ հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատեւ սերտ շփման հետեւանքով։ Վարակի փոխանցումը հնարավոր է նաեւ օգտագործված սրբիչի եւ անկողնային պարագաների միջոցով:
Բնական ծաղկի դեմ պատվաստվածները որոշ չափով պաշտպանված են նաեւ կապիկի ծաղկի վարակի դեմ:
Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ երեխաների եւ իմուն համակարգի խնդիրներ ունեցողների շրջանում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով:
Աշխարհի 80 երկրում հուլիսի 25-ի դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղկի ավելի քան 17000 դեպք, որոնց թվում՝ մահվան 5 դեպք։ Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Իսպանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հաշվի առնելով Միջազգային առողջապահական կանոնների (2005) հարցերով Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի անդամների տեսակետները, ինչպես նաեւ Միջազգային առողջապահական կանոններից բխող այլ գործոններ, հայտարարել է, որ տարբեր երկրներում կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումը հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է։