ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել։
Նրանք քննարկել են Հայաստան–Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրին առնչվող հարցեր։
«Բլինքենը պատրաստակամություն է հայտնել, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, հանձնառու է նշված բոլոր հարցերի լուծումներին: Փաշինյանը վերահաստատել է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունն ու ընդգծել, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգծին»,– ասված է հաղորդագրությունում:
Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները: Պետքարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետի եւ Թուրքիայի նախագահի հուլիսի 11-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը եւ արտահայտել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը նպաստելու ԱՄՆ պատրաստակամությունը:
ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը գոհունակություն են հայտնել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումների կապակցությամբ եւ պայմանավորվել շարունակել երկխոսությունը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան–ԱՄՆ երկկողմ օրակարգին, ինչպես նաեւ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։
ԱՄՆ պետքարտուղարն իր թվիթերյան գրառման մեջ հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող խաղաղ բանակցությունների ընթացքը:
«Ես բարձր եմ գնահատում երկկողմ բանակցությունների ընթացքում առաջացած դրական դինամիկան եւ կոչ եմ անում զարգացնելու հետագա առաջընթացը տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:
ԱՄն պետքարտուղարության հաղորդագրությունը
«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ քննարկել տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարն առաջարկել է Միացյալ Նահանգների օգնությունը տարածաշրջանային տրանսպորտային եւ հաղորդակցության կապերը հեշտացնելու համար։
Պետքարտուղարը խրախուսել է երկկողմ երկխոսության շարունակությունը եւ ողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը Թբիլիսիում։
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության՝ «պետքարտուղարը միաժամանակ վերահաստատել է աջակցությունը Եվրամիության միջնորդությամբ անցկացվող քննարկումներին եւ ընդգծել, որ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ 1994 թվականից՝ ԱՄՆ-ը պատրաստ է ներգրավվելու ինչպես երկկողմանիորեն, այնպես էլ համախոհ գործընկերների հետ՝ օգնելու Հայաստանին եւ Ադրբեջանին՝ գտնելու երկարատեւ համապարփակ խաղաղություն»:
Պետքարտուղար Բլինքենը նաեւ ողջունել է վարչապետին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արձանագրված դրական միտումների եւ կոնկրետ պայմանավորվածությունների համար»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
«ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիեւին ազատ արձակել մնացած բոլոր հայ գերիներին»,-ասված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունում։