Օրենսդրական վերջին փոփոխություններով վարորդական նոր վկայական տրամադրելու համար պարտադիր լսողության շեմի պահանջ է սահմանվել: Կառավարության որոշմամբ վարորդական վկայական կարող են ստանալ լսողական սարքով 1.6 մետր հեռավորությունից շշուկով խոսակցությունը լսող կամ առնվազն 40 դեցիբել լսողություն ունեցող վարորդները:
Որոշումը չի տարածվում խուլ վարորդների վրա, քանի որ նրանք սարք չեն կրում եւ այլեւս չեն կարող ստանալ վարորդական իրավունք:
«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող անձանց շահերի պաշտպանության ՀԿ-ի համահիմնադիր Արտաշես Հովհաննիսյանն այս փոփոխությունը սխալ է համարում:
«Լսողության խանգարում ունեցող անձինք տարբեր խնդիրներ եւ կարիքներ ունեն, պետք է հաշվի առնել նրանց հետաքրքրությունները եւ անկախ ապրելու իրավունքը: Հատկապես թույլ լսող եւ խուլ անձինք մյուսների պես իրավունք ունեն մեքենա վարելու: Որոշումը խտրական է»,- ասում է նա:
Լսողության խանգարում ունեցողներից շատերը չեն կրում բժշկական սարքեր, որովհետեւ դրանք թանկ են եւ պետական ծրագրերով հազվադեպ են փոխհատուցվում:
Արտաշեսը որպես այլընտրանք առաջարկում է ավտոմեքենայում ամբողջական հայելի ունենալ, որը շատ կօգնի վարորդին:
«Խուլերի հայկական հասարակական կոմիտե» ՀԿ-ից նույնպես որոշմանը համաձայն չեն. «Խուլերի տեսողությունն ավելի զարգացած է: Շատերն անգամ աշխատում են տաքսի ծառայություններում եւ կարգապահ վարորդներ են:
Էլ ինչպե՞ս պահեն իրենց ընտանիքն այդ մարդիկ, եթե հիմա էլ զրկվեն վարորդական իրավունքից»:
ՀԿ-ից նաեւ հայտնեցին, որ խուլերը շատ խոչընդոտների են բախվում աշխատանք փնտրելիս: Գործարաններում, արտադրամասերում եւ շինարարության ոլորտում նրանց չեն ընդունում, եւ շատերը կա՛մ վարորդ են աշխատում, կա՛մ սեփական բիզնեսն ունեն, ինչի համար էլ մեքենա վարելն անհրաժեշտ է:
Անդրանիկը, որ արդեն մի քանի տարի է՝ առաքիչ է եւ հաճախ է հանդիպում ժեստերի լեզվով հաղորդակցվող վարորդների, հավատացնում է՝ լսողության խանգարում ունեցողներն ավելի կենտրոնացած են վարում, կարգապահ են, ավելի պատասխանատու, սակայն լավ կլինի, որ նրանց ավտոմեքենաներին փակցված լինի «Խուլ վարորդ» ճանաչման նշանը:
«Հայաստանում երթեւեկությունն այդքան էլ անվտանգ չէ: Անփորձ եւ ոչ կարգապահ վարորդները շատ են: Այստեղ ավելի շատ պետք է մտածել լսողության խանգարում ունեցող մարդկանց անվտանգության մասին: Տեսնելով «Խուլ» նշանը՝ շատ վարորդներ ավելի հանդարտ եւ ուշադիր կվարեն»,- ասում է Անդրանիկը:
Նշանը փակցնելը պարտադիր է, սակայն քչերն են այդ պահանջին հետեւում՝ պատճառաբանելով, որ նման մեքենաներից գողություններն ավելի հաճախակի են: Գողերը համոզված են, որ ավտոմեքենայի տերերը չեն լսի ազդանշանը:
Արտաշես Հովհաննիսյանն առաջարկում է «Խուլ» նշանի փոխարեն պատկերանշան փակցնել:
Փողոցում հարցման ընթացքում պարզեցինք, որ հետիոտները բոլորովին այլ կարծիք ունեն լսողության խանգարում ունեցող վարորդների մասին:
Նրանք կարծում են, որ խուլ վարորդների մի փոքր անուշադրությունը կարող է ճակատագրական լինել հետիոտնի համար, ու համոզված են՝ երեւանյան անկանոն ու ոչ կարգապահ երթեւեկության մեջ տեղ չկա նման վարորդների համար: