Ըստ «Արմենպրես»-ի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը, անդրադառնալով «Զանգեզուրի կամ Մեղրիի միջանցքի» վերաբերյալ խոսակցություններին ու հայտարարություններին, հայտնել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ ձեռք բերված տարածաշրջանային ապաշրջափակման պայմանավորվածություններում որեւէ «միջանցքի» հարց չի քննարկվում:
Խոսնակը հավելել է, որ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին:
Գեւորգյանի խոսքով՝ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից ու տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապարաշրջափակման վերաբերյալ ընդունված համատեղ հայտարարությունից ի վեր փորձագիտական ենթախմբերը զբաղվում են երկաթուղային, ավտոմոբիլային եւ համակցված փոխադրումների, ինչպես նաեւ փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական եւ այլ տիպի հսկողության հարցերով:
Մանե Գեւորգյանը նշել է, որ քննարկվում են հունվարի 11-ի համատեղ հայտարարությամբ հստակեցված տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացման, մասնավորապես, երկաթուղային եւ ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման հնարավոր տարբերակները, դրանց ժամկետները, ծախսերը եւ տեխնիկական հնարավորությունները, ինչպես նաեւ հարավային ու հյուսիսային ուղիների եւ վերջիններս կապող հատվածների հարցը: