Ժնեւում մեկնարկել է Մարդու իրավունքների 19-րդ միջազգային կինոփառատոն-ֆորումը, որի ընթացքում մարդու իրավունքների ոտնահարման խնդիրներն արծարծող խաղարկային եւ փաստագրական ֆիլմերի դիտմանն ու քննարկմանը ամեն տարի մասնակցում են աշխարհի 25 երկրի 300 ռեժիսոր, իրավապաշտպան եւ քաղաքական գործիչ եւ շուրջ 40 հազար հանդիսատես:
Մինչեւ մարտի 14-ը ժյուրիի եւ հանդիսատեսի դատին կհանձնվի 31 ֆիլմ:
Հեռավար ձեւաչափով անցնակցվող փառատոնում 71-ամյա թուրքմենուհի ֆոտոլրագրող Սոլթան Աչիլովան արժանացել է «իրավապաշտպանների Նոբելյան մրցանակ» համարվող Մարտին Էնալսի անվան ամենամյա մրցանակին:
«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության վարկանիշում Թուրքմենստանը զբաղեցնում է 177-րդ հորիզոնականը: Այդ երկրում գործնականում անկախ ԶԼ միջոց չկա, համացանցի թուրքմեն օգտատերերը դժգոհում են գրաքննությունից:
Black Lives Matter շարժման համահիմնադիր, ամերիկացի նկարչուհի եւ ակտիվիստ Պատրիս Քալլորսը տեսակապով կմասնակցի ռասիզմի եւ սեւամորթների դեմ ոստիկանական բռնության քննարկմանը:
Փառատոնին քանիցս մասնակցած չինացի նկարիչ, ակտիվիստ եւ ռեժիսոր Այ Վեյվեյի՝ պաշտոնական մրցույթում ընդգրկված վերջին՝ «Թագասերունդ» ժապավենը գաղտնի նկարահանվել է Չինաստանում եւ ի ցույց է դնում՝ ինչպես են երկրում պայքարել COVID-19-ի դեմ: Այ Վեյվեյը առցանց հարցազրույցում կփորձի քողազերծել գաղտնիքը՝ ինչ է իրականում տեղի ունեցել Ուհանում:
Փառատոնի կազմակերպիչները նշում են, որ համավարակը դրամատիկ հետեւանքների է հանգեցրել շարքային մարդկանց եւ իրավապաշտպանների իրավունքի առումով: Այդ մարդիկ այեւս ի վիճակի չեն լինի ճամփորդել, անձամբ պաշտպանել սեփական գաղափարները փառատոնում եւ մարդու իրավունքների խորհրդում, նրանք չեն կարողանա վայելել դիտորդների, իրավապաշպանների եւ արտասահմանյան լրագրողների աջակցությունը: Հանուն այդ մարդկանց աջակցության էլ ամեն ինչ արվեց, որ Ժնեւի փառատոնն այդուհանդերձ տեղի ունենա: