Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմինը հրապարակել է 2022-ի հունվար-հունիսի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի վերաբերյալ տվյալները:
1000 խոշոր հարկատուները 2022-ի պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարել են ավելի քան 722 միլիարդ 325 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 613 միլիարդ 72 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 109 միլիարդ 253 միլիոն դրամ։
Հարկատուների առաջին տասնյակում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (104 միլիարդ 777 միլիոն 628 դրամ), «Գազպրոմ Արմենիան» (33 միլիարդ 58 միլիոն 796 դրամ), «Գրանդ տոբակոն» (20 միլիարդ 16 միլիոն 185 դրամ), «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» (10 միլիարդ 803 միլիոն 350 դրամ), «Թեղուտը» (8 միլիարդ 903 միլիոն 200 դրամ), «ՄՏՍ Հայաստանը» (8 միլիարդ 236 միլիոն 814 դրամ), «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը» (7 միլիարդ 772 միլիոն 129 դրամ), «Ֆլեշը» (7 միլիարդ 601 միլիոն 908 դրամ), «Ֆիլիպ մորրիս Արմենիան» (7 միլիարդ 521 միլիոն 935 դրամ): Տասնյակը եզրափակում է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտը» պետական բյուջե կատարած իր 7 միլիարդ 225 միլիոն 639 դրամ վճարով:
Հայսատանյան խոշորագույն բանկերից Ամերիաբանկը 18-րդն է՝ 4 միլիարդ 759 միլիոն 648 դրամ, ԱԿԲԱ բանկը՝ 21-րդը՝ 4 միլիարդ 150 միլիոն 823 դրամ, Արդշինբանկը՝ 24-րդը՝ 3 միլիարդ 654 միլիոն 051 դրամ, Ինեկոբանկը՝ 32-րդը՝ 3 միլիարդ 15 միլիոն 13 դրամ, Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ն՝ 42-րդը՝ 2 միլիարդ 657 միլիոն 351 դրամ, ՎՏԲ-Հայաստան բանկը՝ 64-րդը՝ 1 միլիարդ 973 միլիոն 386 դրամ վճարով:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ձեռնարկությունը հարկատուների ցանկում 14-րդն է՝ 5 միլիարդ 481 միլիոն 714 դրամ, «Հայկական ատոմային էլեկտրակայանը»՝ 23-րդը՝ 4 միլիարդ 24 միլիոն 194 դրամ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազը»՝ 28-րդը՝ 3 միլիարդ 209 միլիոն 919 դրամ, «Հարավկովկասյան երկաթուղին»՝ 62-րդը՝ 2 միլիարդ 32 միլիոն 405 դրամ:
Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ Կառավարության 23.06.2022 թվականի N928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես ցանկում ներառված չեն ՀՀ պետական եւ համայնքային կառավարչական գերատեսչությունները:
Ի դեպ, 2021-ի երկու եռամսյակում խոշոր հարկատուների ցուցակի առաջատարը «Գազպրոմ Արմենիան» էր, երկրորդը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, երրորդը` ՀՀ պաշտպանության նախարարությունը։