Բրիտանական Financial Times պարբերականում ուշագրավ հոդված է հրապարակվել Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության մասին։ Թեեւ թուրքական կողմն իր վերահսկողության տակ է պահում Սիրիայի հյուսիսի մի մասը, այդուհանդերձ, հավանականությունը, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում կիրականացնի նոր ռազմական օպերացիա, արդեն նվազել է:
Ըստ Financial Times-ի՝ դրան նպաստեցին Ռուսաստանի, ինչպես նաեւ Գերմանիայի, Միացյալ Նահանգների եւ Իրանի հայտարարությունները, որոնք բացահայտորեն դեմ արտահայտվեցին Սիրիային առնչվող Անկարայի ծրագրերին:
Պարբերականն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան, ինչպես ժամանակին Օսմանյան կայսրությունը, փորձում է ներկայություն ունենալ արաբական աշխարհում, եւ այս առումով թուրքական ներկայությունը Սիրիայի հյուսիսում դրա վառ ապացույցն է:
Թուրքական ներկայությունը արաբական աշխարհում կարող է ավելի մեծանալ, քանի որ Թուրքիայի նախագահը վերջին ամիսներին շարունակ հայտարարում է, որ իրենք մտադիր են Սիրիայի հյուսիսում ռազմագործողություն իրականացնել, եւ Անկարայի գլխավոր թիրախներն են Մանբիչ ու Թել Ռըֆաթ քաղաքները:
Տեղի թուրքամետ բնակիչներն էլ դեմ չեն, որ Թուրքիան մեծացնի իր ազդեցությունը Սիրիայում: Եվ դրա վառ ապացույցն է Սիրիայի հյուսիսում ապրող բնակիչներից մեկի դատողությունը. «Թուրքիան մեր միակ տարբերակն է. եթե Անկարան հետ քաշվի, նրա տեղը կգան Ռուսաստանն ու Սիրիայի կառավարական ուժերը»:
Դեռ մայիսի վերջին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողության վերաբերյալ հայտարարել էր, որ նոր գործողություն սկսելու համար Թուրքիան ոչ մեկի թույլտվության կարիքը չունի:
Թուրքիան մինչեւ այժմ Սիրիայում իրականացրել է երեք խոշոր ռազմական գործողություն: Դրանց հետեւանքով Սիրիայի մի շարք շրջաններ դուրս են մնացել քրդական ուժերի վերահսկողությունից, որոնց Անկարան համարում է ահաբեկչական: