Ֆրանսիայի էներգետիկ անցման նախարար Անյես Պանիե-Ռյունաշեն հայտնել է, որ ֆրանսիական խանութները ստիպված կլինեն պահպանել էլեկտրաէներգիայի խնայողությանն ուղղված նոր կանոնները․ օդորակիչ կամ ջեռուցում ունեցող խանութները պետք է փակ պահեն դռները:
Դռների բացումը, երբ օդորակիչն աշխատում է, ավելացնում է էներգիայի սպառումը 20 տոկոսով, ասել է նախարարը: Խախտողներին սպառնում է մինչեւ 750 եվրո տուգանք։
Մյուս սահմանափակումը կանդրադառնա լուսավորված գովազդի վրա, որն արգելվելու է գիշերվա 1-ից մինչեւ առավոտյան 6-ը բոլոր քաղաքներում՝ անկախ բնակչության թվից։
Նախկինում այս արգելքը մտցվել էր 800 հազարից պակաս բնակչություն ունեցող քաղաքների համար։ Բացառություններ են արվելու օդանավակայանների եւ երկաթուղային կայարանների համար։
Ռուսաստանից գազի մատակարարումներում ընդհատումների դեպքում դեռեւս մարտին էներգետիկական անվտանգությունն ապահովելու արտակարգ ծրագիր են գործարկել Գերմանիայի իշխանությունները: Մասնավորապես Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը Գերմանիայի ընկերություններին եւ սպառողներին հորդորել էր օգնել նվազեցնելու էներգիայի սպառումը: