ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ նախարար Տիգրան Խաչատրյանը հուլիսի 26-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կառավարությանը Հայաստանում նախաձեռնված բարեփոխումների իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար: Այնուհետեւ նախարարը հյուրերին է ներկայացրել Կառավարության 5-ամյա ծրագրի առաջնահերթությունները եւ ֆինանսների նախարարության վարած ֆիսկալ քաղաքականության օրակարգը:
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նախարարին հայտնել է ամերիկյան կողմի ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու հնարավորությունների եւ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ: