Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ցանկը, եւ միանգամից ուշադրություն է գրավում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ)։ Կոմբինատը պետությանը վճարել է աննախադեպ մեծ չափի հարկեր եւ տուրքեր՝ 104,7 մլրդ դրամի։
ԶՊՄԿ-ն, որը տարիներ շարունակ եղել է Հայաստանի ամենախոշոր ընկերությունն ու թիվ մեկ հարկատուն, երբեւէ այդքան հարկ չի վճարել։ Հայաստանի հարկային պատմության մեջ նույնպես չի եղել որեւէ ընկերություն, որ վեց ամսվա ընթացքում այդքան հարկ վճարած լինի։ Ավելին՝ անգամ տարեկան կտրվածքով որեւէ մեկը ոչ միայն 104 մլրդ, այլ 70-80 մլրդ դրամի հարկ չի վճարել։
Հասկանալու համար, թե դա որքան մեծ թիվ է մեր երկրի հարկային պատմության մեջ, նշենք, որ նույն ԶՊՄԿ-ն անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ հունվար-հունիսին, վճարել է 28,4 մլրդ դրամի հարկեր. դա 3,5 անգամ քիչ է այս տարվա նույն ժամանակահատվածի վճարածի համեմատ։ Անցած ամբողջ տարվա ընթացքում վճարել է 48,8 մլրդ դրամ, իսկ այս տարվա հունվար-մարտին՝ 35,4 մլրդ դրամ։
Այնպես որ ՊԵԿ-ի հրապարակած այս նոր թիվը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած, աննախադեպ, չտեսնված բան է մեր երկրի հարկային պատմության մեջ։ Եվ պետք է հասկանալ, թե ինչու է այդպես ստացվել։
Պետեկամուտների կոմիտեից «Ալիք Մեդիային» փոխանցեցին, որ կոմբինատի հարկերն ավելացել են ռոյալթիի՝ բնապահպանական վճարի բարձրացման հետեւանքով։ Հիշեցնենք, որ անցած տարի Կառավարության առաջարկությամբ Ազգային ժողովը օրենսդրական փոփոխություն կատարեց եւ բնապահպանական վճարը 15 տոկոսով բարձրացրեց։ Բարձրացված տոկոսադրույքն ուժի մեջ է մտել այս տարի։ ՊԵԿ-ի տրամադրած տվյալներով առաջին կիսամյակում ԶՄՊԿ-ի վճարած 104,7 մլրդ դրամից 41,2 միլիարդը կամ 39,3 տոկոսը՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 13,2 մլրդի փոխարեն, հենց ռոյալթին է։
Բավականին մեծ է նաեւ շահութահարկը՝ շուրջ 30 մլրդ դրամ՝ անցած տարվա 8,2 մլրդի փոխարեն։ Այս տարի մեծ էր նաեւ արտահանման թույլտվության համար վճարված պետական տուրքը՝ 26,8 մլրդ դրամ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը համաձայն է, որ ռոյալթիի բարձրացման հետեւանքով կոմբինատի վճարած հարկերն ավելացել են, բայց նրան ժամանակ եւ լրացուցիչ տվյալներ են անհրաժեշտ հասկանալու համար այն բոլոր հիմքերը, որոնց շնորհիվ ԶՊՄԿ-ն երեք անգամ ավելացրել է նաեւ շահութահարկը։
Պատգամավորը հավանական է համարում, որ հարկերն ավելացել են նաեւ այն իրողության հետեւանքով, որ ՀՀ Կառավարությունն արդեն կոմբինատում ունի 25 տոկոս բաժնեմաս։ Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին կոմբինատի նոր սեփականատերը՝ ռուսական «Արդյունաբերական ընկերությունը», այդ մասնաբաժինը նվիրեց Հայաստանին։
Իհարկե, ժամանակին բավականին կասկածելի համարվեց նաեւ այս նվիրատվությունը, բայց Ս․ Բագրատյանի ասածից կարելի է հասկանալ, որ Կառավարությունն արդեն «ներսից» է ծանոթացել ԶՊՄԿ-ի գործունեությանը։ Եվ չի բացառվում, որ նրան հաջողվել է հայտնաբերել կոմբինատի ստվերային շրջանառությունը եւ այն հարկման դաշտ բերել։ Եթե պարզվի, որ այդպես է, ուրեմն Կառավարությունը հանրությանն ասելու բան ունի. չպետք է լուռ արձանագրի, որ հարկերն ավելացել են, պետք է նաեւ ներկայացնի, թե ինչ է կատարվել Հայաստանի թիվ մեկ հարկատուի ներքին հաշվապահության մեջ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Եվ արդյոք ճիշտ չէին այն կասկածները, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը երկար տարիներ հարկեր է թաքցրել մեր պետությունից եւ ահռելի մեծ շահույթ ապահովել իր սեփականատերերին։
Քաղաքական եւ լրատվական դաշտում տարիներ շարունակ՝ առնվազն մինչեւ կոմբինատը ռուսական այդ ընկերությանը վաճառելը՝ մինչեւ 2020-2021 թվականները, սեփականատեր էր համարվում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Չէ՞ որ կոմբինատը սեփականաշնորհվել էր նրա օրոք՝ 2004 թվականին, եւ շատ ցածր գնով՝ ընդամենը 132 մլն դոլարով այն դեպքում, երբ հաջորդ տարում այդքան եկամուտ էր ստացել։ Այն դեպքում, որ միայն այս տարվա առաջին կիսամյակի հարկերը վաճառքի գնի գրեթե կրկնակին են՝ 250 մլն դոլար։ Իհարկե, փաստաթղթերով այն վաճառվել էր գերմանական «Քրոնիմետ» ընկերությանը։
ԶՄՊԿ-ի նախկին տնօրեն, այժմ Ռ․ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը, սակայն, կարծում է, որ հարկերի ավելացման համար հիմք են եղել պղնձի համաշխարհային գները, որոնք այս տարվա հունվար-փետրվարին հասել էին 11 հազար դոլարի մեկ տոննայի համար։ Բարձր էր նաեւ մարտ-ապրիլին՝ 9-10 հազար դոլար, մայիսից հետո իջել է եւ այժմ 7500 դոլար է։
Վ․ Հակոբյանը, որին իշխանությունները մեղադրում էին ԶՄՊԿ-ում կատարած չարաշահումների համար, այսօր ինքն է մեղադրում կոմբինատի նոր ղեկավարությանը եւ իշխանություններին։ «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է՝ տեղեկություններ ունի, որ գործարանի ղեկավարությունը փորձում է արդյունահանել հանքի առավել հարուստ հատվածը, որի մեջ պղնձի եւ մոլիբդենի տեսակարար կշիռն ավելի բարձր է, եւ որն ավելի շատ փող կբերի։ Միգուցե դրա հետեւանքով են այդքան շատ հարկեր գոյացել։
«Ժողովրդական լեզվով ասած՝ դա հանքի հերը անիծում է, դա կտրականապես արգելված է։ Դա քրեական հանցագործություն է․ հանքի կյանքը կրճատում է անգամներով, եթե չի դատապարտում փակման։ Քանի որ այս նոր տերերն օտարազգի են, որեւէ կերպ չեն խնայում մեր պաշարները»,- ասաց պատգամավորը՝ փոխանցելով, թե ԶՊՄԿ-ի վճարած հարկերի մեծությունը արհեստական է, եւ դեռ պետք է հիմքերն ամբողջությամբ պարզել։
Ի դեպ, պղնձի գները շատ բարձր էին նաեւ 2000-ականներին, երբ նախագահ էր Քոչարյանը, բայց ԶՊՄԿ-ն երբեւէ իր վճարած հարկերի չափը 50 միլիարդի չի հասցրել։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։