«Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունից հայտնել են, որ կառույցը Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին եւ Թուրքմենստանին կապիկի ծաղիկն ախտորոշելու համար թեստային համակարգեր է տրամադրել։
«Ռոսպոտրեբնադզորի» մասնագետները նշված երկրների գործընկերների համար նաեւ կազմակերպում են հատուկ սեմինարներ, որոնք նվիրված են կապիկի ծաղկի լաբորատոր ախտորոշման մեթոդներին։
Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է մարդկանց սերտ շփման հետեւանքով։ Վարակվածների մեծ մասը սովորաբար ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ բարդություններ, այնուամենայնիվ, հնարավոր են:
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տեւում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից, այնուհետեւ տարածվում մարմնի տարբեր հատվածներում:
Վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, որոնք ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղկի ախտաշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, որոնք պատվաստվել են բնական ծաղկի դեմ, որոշակի պաշտպանվածություն ունեն նաեւ կապիկի ծաղկի վարակի դեմ:
Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ երեխաների եւ իմունային համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով:
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ջերմությամբ եւ դողով ուղեկցվող կամ առանց դրա նոր, անբացատրելի մաշկային ցան, մարմնի որեւէ մասի վերք նկատելու դեպքում պետք է դիմել բժշկական օգնության, քանի որ դա կարող է լինել կապիկի ծաղկի ախտանշան։