Իրանական Mehr գործակալությունը հայտնել է, որ Իրանը քաղաքացիական ինքնաթիռների պահեստամասեր կմատակարարի Ռուսաստանին:
Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչ Միրաքբար Ռազավիան հայտնել է, որ երկու երկրները համաձայնագիր են ստորագրել ինքնաթիռների համար սարքավորումներ Ռուսաստան արտահանելու եւ ռուսական օդանավերին Իրանի վերանորոգման կենտրոնների տեխնիկական աջակցության տրամադրման մասին:
Իրանի եւ Ռուսաստանի տրանսպորտային գերատեսչությունների ներկայացուցիչներն ընդգծել են ավիափոխադրումների ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:
Ստորագրվել է նաեւ փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում երկու երկրների միջեւ ուղեւորատար թռիչքների հաճախականությունը կավելանա մինչեւ շաբաթական 35 թռիչք։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ օդային փոխադրումների ոլորտը հարվածի տակ է հայտնվել պատժամիջոցների եւ արեւմտյան նախկին գործընկերների ոչ ադեկվատ որոշումների պատճառով։ Պուտինը նաեւ նշել է, որ ավիացիոն ոլորտը ռազմավարական նշանակություն ունի եւ կարեւոր դեր է խաղում Ռուսաստանի տնտեսությունում: