Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն թուրքական TV100-ի ուղիղ եթերում ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին մեղադրել է ահաբեկչության դեմ պայքարում անկեղծ չլինելու համար:
Ըստ թուրքական Milliyet-ի՝ Չավուշօղլուն նշել է նաեւ, թե Քրդական աշխատավորական կուսակցությունը՝ PKK-ն, եւ այլ ահաբեկչական կազմակերպություններ շարունակում են սադրանքները: Նա ասել է, թե Իրաքի կառավարությունը չի կարող հաջողությամբ պայքարել ահաբեկչության դեմ, ուստի դա կանի Թուրքիան:
Չավուշօղլուն ընդգծել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է տեր կանգնեն Սիրիայի վերաբերյալ իրենց խոսքին եւ ահաբեկիչներին դուրս բերեն տարածքից: Այնինչ ԱՄՆ-ը շարունակում է սպառազինությամբ աջակցել ահաբեկիչներին եւ պետք է բացատրություն տա այս կապակցությամբ: