ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը հայտնել է, որ Եվրոպական միության հետ երկկողմ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում պետական բյուջե է փոխանցվել 14,2 միլիոն եվրո։
Ադամյանը նշել է, որ ՔՈՎԻԴ-19-ի հետեւանքով առաջացած խնդիրների մեղմման եւ սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացման նպատակով փոխվարչապետի գրասենյակի իրականացրած բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում պետբյուջե է փոխանցվել ծրագրի վերջին հատկացումը` 6 միլիոն եվրո արժողությամբ:
Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում վերջին երկու տարվա ընթացքում պետբյուջե է փոխանցվել 30 միլիոն եվրո դրամաշնորհ` ծրագրով սահմանված բոլոր նախապայմանների 100% կատարողականով:
Դատաիրավական բարեփոխումներին աջակցելու նպատակով արդարադատության նախարարության բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում պետբյուջե է փոխանցվել ծրագրի հերթական հատկացումը` 8,2 միլիոն եվրո արժողությամբ: Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում վերջին երկու տարվա ընթացքում պետական բյուջե է փոխանցվել 17,2 միլիոն եվրո դրամաշնորհ: Այս ծրագիրը կավարտվի հաջորդ տարի: