Օգոստոսի 5-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հյուրընկալելու է թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները քննարկման ընթացքում կանդրադառնան Թուրքիայում արտադրվող անօդաչու թռչող սարքերի՝ «Բայրաքթարների» թեմային:
«Մեր երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը միշտ օրակարգում է, եւ այն փաստը, որ այդ զգայուն ոլորտում մեր փոխգործակցությունը զարգանում է, ինքնին խոսում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Այո՛, «Բայրաքթար»-ների խնդիրն, ըստ երեւոյթին, կքննարկվի Սոչիում»,- շեշտել է Պեսկովը:
Ռուսական մամուլում վերջերս հրապարակված հաղորդագրությունների համաձայն՝ Մոսկվան հետաքրքրություն ունի «Բայրաքթարների» նկատմամբ: Գաղտնիք չէ նաեւ, որ Ուկրաինան ռուսական զինված ուժերի դեմ լայնորեն կիրառում է այդ ԱԹՍ-ները:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Սոչիի հանդիպմանը կքննարկվի նաեւ Ուկրաինայից հացահատիկի արտահանման համակարգող կենտրոնի աշխատանքը։ Պեսկովն ընդգծել է, որ Պուտինն ու Էրդողանը մտադիր են քննարկել գործարքի նպատակների եւ դրա իրականացման եղանակների համապատասխանությունը։