Գրիգոր եւ Գոհար Օհանջանյանները մինչեւ 2020-ը ապահով կյանքով են ապրել, աշխատել են Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վարչակազմում: Երկու տուն, հողամաս ունեին, այժմ Հայաստանի տարբեր մարզերում ժամանակավոր աշխատանք են փնտրում, ծիրան են հավաքում, բանվորություն են անում:
«Ֆիզիկական աշխատանքից չենք նեղվում, նեղվում ենք, երբ աշխատանք չի լինում: Պատերազմից հետո մի քանի ամիս առանց աշխատանքի էի ու գիտեմ, թե դա ինչ ծանր բան է»,- ասում է Գրիգոր Օհանջանյանը:
Բազմազավակ ընտանիքն այժմ բնակվում է Արմավիր քաղաքում` վարձով բնակարանում: Օհանջանյանները, ինչպես Քաշաթաղից մյուս բազմազավակ ընտանիքները, Կառավարությունից պահանջում են վերանայել Արցախից տեղահանվածներին հատկացվող սերտիֆիկատների գումարի չափը: Համաձայն այդ փաստաթղթի՝ նոր տուն կամ բնակարան ձեռք բերելու համար ՀՀ-ն ընտանիքներին կհատկացնի 10 մլն դրամ, ինչը, սակայն, շատ փոքր թիվ է բազմազավակ ընտանիքների նվազագույն կարիքների բավարարման համար: Մինչդեռ տեղահանվածների համար սա գոնե փոքր տուն ունենալու եւ նոր կյանք սկսելու միակ հույսն է։
Գրիգոր Օհանջանյան. «Վարչակազմում գլխավոր մեխանիկն էի: Պատերազմի ժամանակ մեքենաներն էի վերանորոգում: Արցախի նախագահի հրամանը կա,
որով բազմազավակ հայրերին չի կարելի տանել, բայց ես դրան դեմ եմ: Հենց բազմազավակ տղամարդը ամենալավը կկռվի, որովհետեւ գիտի`
չկա հայրենիք` չկա տուն»:
Գոհարը Բերձորի վարչակազմում քաղծառայող էր, աշխատում էր կրթության, սպորտի եւ երիտասարդության վարչությունում:
Գրիգոր Օհանջանյան. «Մենք սնանկացել ենք, զրկվել ենք ամեն ինչից: Մեր խնդիրներն այնքան մեծ են,
որ դրանց լուծումները միայն Կառավարությունից են կախված»:
16 տարեկան Նարեկը պատերազմի հետեւանքով առողջության խնդիրներ ունի:
Ծնողներն ասում են՝ ծանր ապրումները չի արտահայտել, ի վերջո անբուժելի հիվանդություն է ձեռք բերել:
Գոհար Օհանջանյան. «Ընտանիքը որոշել է լքել Բերձորը, երբ քաղաքում այլեւս պատսպարվելու տեղ չկար:
Բոլոր ապաստարաններում միայն վիրավորներն էին»:
Գրիգոր Օհանջանյան. «Մենք վերաբնակիչներ ենք, մեր կամքով գնացել ու դարձել էինք ղարաբաղցի: Ոչ մի վայրկյան չենք զղջում դրա համար»:
Գրիգոր Օհանջանյան. «Երբ քաղաքում ուսումնական տագնապներ էին լինում, երեխաներիս ասում էի` խուճապահար այս ու այն կողմ չվազեք,
կգնաք այնտեղ, ուր ուսուցչուհին տանի, ես գալու եմ ու ձեզ այնտեղ եմ փնտրելու: 20 թվականին այդպես էլ արեցին»:
Գրիգոր Օհանջանյան. «Փաստաթղթի ստորագրումից հետո որոշեցի, որ տունը պետք է վառեմ: Բենզինը վերցրի, թղթեր ճմռեցի,
նստեցի հյուրասենյակի մեջտեղում, սկսեցի ծխել: Բայց աչքիս առաջ եկավ, թե ոնց են էրեխեքս այդ սենյակում խաղում, ու ինքս ինձ ասացի`
ես իմ տունը չեմ վառի»:
Ընտանիքի ամենակրտսերը Էլենն է, Բերձորից հեռանալիս սենյակից վերցրել է իր ամենաթանկ խաղալիքը` շունիկին:
Գրիգոր Օհանջանյան. «Փաստաթղթի ստորագրումից հետո մեքենաս ամբողջությամբ բեռնել էի մեր նկուղի պահածոներով:
Արդեն լավ հասկանում էի, որ մեզ անորոշություն է սպասում, ու էրեխեքին ուտելու բան է պետք լինելու»:
Այժմ ընտանիքի ամեն անդամ իր զբաղմունքն ունի:
Գրիգոր Օհանջանյան. «Ես չեմ մեղադրում, որ փաստաթուղթը ստորագրվել է, ես մեղադրում եմ, որ մեզ անտեր են թողել»:
Ընտանիքն ունի երկու ուսանող եւ երեք դպրոցական` 16 տարեկան Նարեկը, 15 տարեկան Անին, 11-ամյա Արմենը, 7-ամյա Արմանը եւ 6-ամյա Էլենը:
Գոհար Օհանջանյան. «Իրար միշտ ասում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու»:
Լրագրող, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։