ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա օրերին զրուցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Պետքարտուղարը նշել է, որ ծրագրում է ռուս գործընկերոջ հետ քննարկել Ռուսաստանում կալանավորված ամերիկացիների թեման։
«Ակնկալում եմ, որ առաջիկա օրերին կզրուցեմ ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ»,- ասել է Բլինքենը։ Նա նաեւ հաստատել է, որ ԱՄՆ-ն առաջարկ է արել Ռուսաստանին, որը կարող է հանգեցնել ամերիկացիներ Բրիթնի Գրայների եւ Փոլ Ուիլանի ազատ արձակմանը, բայց մանրամասներ չի հայտնել։
«Ես չեմ կարող եւ չեմ մանրամասնի, թե ինչ ենք առաջարկել ռուսներին»,- ասել ԱՄՆ պետքարտուղարը։
Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հայտնել է, որ Սպիտակ տունն առաջարկում է 2012-ին զենքի անօրինական վաճառքի փորձի համար 25 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի գործարար, զինավաճառ Վիկտոր Բուտին, որը հայտնի է որպես «մահվան վաճառական», փոխանակել ռուսական բանտերում պահվող ԱՄՆ երկու քաղաքացիների՝ բասկետբոլիստուհի, օլիմպիական երկակի չեմպիոն Բրիթնի Գրայների եւ նախկին ծովային հետեւակային Փոլ Ուիլանի հետ։
Գրայները Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում ձերբակալվել էր 2022-ի մարտին թմրանյութերի մաքսանենգության կասկածանքով։ Փոլ Ուիլանին ռուսաստանյան դատարանը լրտեսության համար մեղավոր էր ճանաչել 2020-ին։