ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Քարին Ժան Պիեռը ճեպազրույցում հայտնել է, որ Ջո Բայդենը մտադիր է վերընտրվել 2024 թվականի ընտրություններում:
Մամուլի քարտուղարին խնդրել են մեկնաբանել CNN հեռուստաալիքի պատվերով SSRS ծառայության անցկացրած հասարակական կարծիքի հարցման՝ հուլիսի 27-ին հրապարակված արդյունքները: Ըստ այդ հարցումների՝ Դեմոկրատական կուսակցության ընտրողների սոսկ 25%-ն է հավանություն տալիս 2024-ին Բայդենի առաջադրմանը:
«Մենք չենք անհանգստանում հարցումների առիթով: Նախագահը հստակ ասել է, որ մտադիր է առաջադրել թեկնածությունը, բայց մինչեւ դա այնքան հեռու է, որ դրա մասին մտածելն անգամ վաղ է»,- պատասխանել է Ժան Պիեռը:
Մեկ շաբաթ առաջ Քվինիպեկի համալսարանի հետազոտական ծառայությունը հայտնել էր, որ 2024-ին նախագահական ընտրարշավին Բայդենի մասնակցության դեմ է հանդես եկել Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների 54%-ը: