Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շրջանառություն մեջ է դրել նախագիծ, որով նախատեսվում է նոր կարգավորումներ սահմանել չփաթեթավորված թռչնամսի վաճառքի շուկայում:
Հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը նշել է, որ սպառողին չի տրամադրվում պատշաճ տեղեկություն՝ ինչ ծագումնաբանություն ունի միսը, երբ է արտադրվել, հայաստանյան է, թե ներկրված: Նա հավելել է, որ անբարեխիղճ մրցակցության ռիսկեր կան. տնտեսվարողը կարող է արտասահմանյան թռչնամիսը վաճառել տեղականի անվան տակ, մինչդեռ տեղականը գնային ավելի բարձր սեգմենտում է:
Ըստ նախագծի՝ մսի կամ մսամթերքի փաթեթավորման կամ դրան փակցված պիտակի վրա կատարված հստակ եւ ընթեռնելի մակնշումը պետք է պարունակի «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված հետեւյալ տեղեկությունը` մսի կամ մսամթերքի անվանումը, զտաքաշը, հիմնական բաղադրիչների ցանկը, օգտագործված սննդային հավելումների ցանկը, եթե այդպիսիք կան։
Միաժամանակ, որոշմամբ հաստատված հավելվածի 60-րդ կետով այդ դրույթները չեն տարածվում վաճառակետերում վերջնական սպառողին հանձնված չփաթեթավորված մսի վրա:
Հանձնաժողովի անդամը նշել է, որ չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ կարգավորումը խնդրահարույց է: Ըստ նրա՝ ստացվում է, որ փաթեթավորված միս արտադրող կամ ներմուծող տնտեսավարող սուբյեկտներն ապրանքն իրացնելիս պարտավոր են սպառողին տեղեկություն ներկայացնել, մինչդեռ չփաթեթավորված մսի դեպքում նման պահանջը բացակայում է:
Դրանից բացի` վաճառակետերում չփաթեթավորված թռչնամիսն առանց մակնշման իրացնելու պայմաններում վերջնական սպառողը չի ստանում թռչնամսի վերաբերյալ մի շարք անհրաժեշտ տեղեկություններ: Մարկոսյանը վստահեցրել է, որ փորձելու են հետեւողական լինել հետագա քայլերում, որպեսզի առաջարկները դառնան կարգավորում կամ վարքագծի կանոն: