Արցախյան 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը, Կառավարության հուլիսի 28-ի որոշմամբ, կերկարաձգվի եւս կես տարով։ Այսպիսով՝ աջակցության ժամկետը երկարաձգվել է 15-ից մինչեւ 21 ամիս:
Զինվորականին անհայտ կորած ճանաչելուց հետո ընտանիքը նրա անունով վճարումներ է ստանում արդեն որպես զոհվածի։ Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ստանում են ամսական 300 հազար դրամ։
Հուլիսի 11-ի դրությամբ նշված կատեգորիայի ընտանիքները 76-ն էին, նրանց վճարումները դադարեցվել են 2022-ի մարտի 1-ից: Այսպիսով՝ նրանց հետին թվով օգնություն կվճարվի միանգամից երեք ամսվա համար՝ մարտից մինչեւ հունիս:
Զոհվածների հարազատները միանվագ ստանում են 10 միլիոն դրամ եւ ամսական 200-300 հազար դրամ` կախված զոհվածի կոչումից: Նույն ամսական վճարները (առանց միանվագի) ստանում են 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող զինվորականները։
Երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողները ստանում են 5 միլիոն դրամի միանվագ վճարում եւ համապատասխանաբար 200 հազար, 150 հազար եւ 100 հազար դրամի ամսական վճարումներ: Ամենամսյա վճարումները տրամադրվում են 20 տարվա ընթացքում։