ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն, որում, ի թիվս այլ խնդիրների, նախատեսվում է կարգավորել նաեւ այլընտրանքային փոխադրամիջոցներին վերաբերող հարցերը:
ԱԺ-ում խնդրի շուրջ քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, այլընտրանքային փոխադրամիջոցներ ներկրողներ, վերոնշյալ գործունեության կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
Քննարկումը պայմանավորված է հանրության համար մտահոգիչ եւ խնդրահարույց դարձած հարցով` քաղաքի մայթերով էլեկտրական սկուտերների, ինքնագլորների երթեւեկով, ինչի չկանոնակարգված լինելը հաճախ պատճառ է դառնում հետիոտների` տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ ստանալուն:
Ըստ հնչած առաջարկների` անհրաժեշտ է նաեւ սահմանափակել կամ կարգավորել վարողների տարիքային շեմը, լուծել էլեկտրական սկուտերների կայանատեղիների հարցը, ինչպես նաեւ չթույլատրել մեկից ավելի անձանց գտնվելը մեկ փոխադրամիջոցի վրա:
Արձանագրվել է, որ այլընտրանքային փոխադրամիջոցները պետք է երթեւեկեն փողոցների հատուկ գծանշված հատվածներով, այլ ոչ թե մայթերով, ինչպես այժմ տարերայնորեն կատարվում է: Մայթերով երթեւեկելու դեպքում էլ դրանք պետք է հստակ առանձնացված լինեն: Առաջարկվել է հստակ կարգավորել` որտե՞ղ եւ ի՞նչ արագությամբ կարելի է վարել նման փոխադրամիջոցները:
Առաջարկվել է ուսումնասիրել նման փոխադրամիջոցների երթեւեկության հարցում մեծ փորձ ունեցող երկրների օրենսդրությունը, այդ նպատակով քննարկում կազմակերպել: Քննարկման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել իրենց իրավասությունների շրջանակում աջակցել խնդրի կարգավորմանը: