ՀՀ Կառավարությունը հաստատել է 2022 թվականի մարդահամարի ծրագիր-հարցաշարը:
Ըստ այդ հարցաշարի, ինչպես նախկինում, այժմ էլ անձը պետք է նշի իր բնակության վայրը, հասցեն, անհատական տվյալները, ծննդավայրը, ազգությունը, թե ինչ լեզուների է տիրապետում, գոյության միջոցի հիմնական աղբյուրը, կրթական մակարդակը, անձի աշխատավայրը, կրոնական պատկանելությունը եւ այլն։
2011-ի համեմատ հարցերի տարբերակներն ավելացել են։ Օրինակ` կրոնական պատկանելությանը վերաբերող կետում փոփոխություններ են կատարվել։ Նախկինում տարբերակներից էին միայն Հայ առաքելականը, կաթոլիկը, ուղղափառը, շարֆադինականը (եզդիների կրոնն է), ավետարանականը, Եհովայի վկաները, մոլոկանները։
Թարմացված ցանկում ներառված են նաեւ բողոքական, մորմոն, հուդայական, Կրիշնա գիտակցության կամ Հարե կրիշնա, ինչպես նաեւ տրանսցենդետալ մեդիտացիա կրոնները։
Մարդահամարը, որը պետք է անցկացվեր դեռ նախորդ տարի եւ, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, հետաձգվեց, կանցկացվի 2022-ի հոկտեմբերի 13-22-ը։ Բյուջեով միջոցառման համար նախատեսված 936,6 միլիոն դրամը փոխանցվել էր ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդ: