Ըստ բրիտանական BBC-ի՝ Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայությունը հայտարարել է, որ կլիմայական փոփոխությունների պատճառով 1990-ից ծովի մակարդակը Միացյալ Թագավորության ափերի մոտ 16,5 սանտիմետրով բարձրացել է:
Ծովի մակարդակն, ըստ փորձագետների զեկույցի, տարեկան բարձրանում է 3-5,2 միլիմետրով, ինչն ավելի քան կրկնապատիկ գերազանցում է 20-րդ դարի սկզբի նույն ցուցանիշները: Դրա հետեւանքով մեծանում է ափային գծի էրոզիան, ինչն իր հերթին փոթորիկների ժամանակ հանգեցնում է բարձր ալիքների:
Մեծ Բրիտանիայի Օվկիանագրության կենտրոնի աշխատակից Սվետլանա Ջեւրեջեւան ահազանգել է, որ կլիմայի փոփոխությունը մոտ ապագայում կարագացնի այդ միտումը:
Հետազոտողների գնահատմամբ, հեղեղումը սպառնում է շուրջ 500 հազար առանձնատան բնակիչներին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մինչեւ 2050 թվականը ծովի մակարդակը Բրիտանական կղզիների մերձակայքում կբարձրանա 35 սանտիմետրով: Առավել խոցելի շրջանների թվում են որոշ քաղաքներ Անգլիայի հյուսիս-արեւմուտքում, հարավ-արեւմուտքում եւ հարավ-արեւելքում:
Գիտնականները նախազգուշացնում են, որ այդ շրջանների բնակիչները պետք է պատրաստ լինեն բնակավայրը փոխելու, եթե իրենց տները հայտնվեն ռիսկի գոտում: Մասնագետների կարծիքով, նշված տնային տնտեսությունների պահպանումը բնակության համար կլինի անհնար կամ տնտեսապես անշահավետ: