Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը բրիտանական «Time» ամսագրում հրապարակած իր հոդվածում նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ շուտով վերածվելու է միջուկային պետության: «Ավելի քան 20 տարվա փորձերից հետո Իրանը ուր որ է կհաղթահարի անդառնալիության կետն ու կդառնա միջուկային փակ ակումբի լիիրավ անդամ»,- շեշտել է նա:
Բարաքը գրել է, որ Իրանին միջուկային գերտերություն դարձնելուն խանգարելու փորձերը չափազանց թույլ են եւ, ամենայն հավանականությամբ, դատապարված են տապալման:
Ըստ Իսրայելի նախկին վարչապետի՝ 2015-ին իրանական միջուկային ծրագրի սառեցման համաձայնագիրը բավարար չէր Իրանի քայլերը կանխելու համար, իսկ 2018-ին, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ միջուկային համաձայնագրից, դա Իրանին հնարավորություն ընձեռեց «օրինականացնելու» դեպի «գրեթե միջուկային» կարգավիճակի հասնելու իր համառ ձգտումը:
Այլ կերպ ասած՝ հնարավորություն ունեցավ բավարար քանակի հարստացված ուրան ստանալ՝ մեկ միջուկային սարքավորման եւ տեխնոլոգիայի եւ հետագայում այն միջուկային զենքի վերածելու համար: «Եթե 2018-ին այդ շեմին հասնելու համար Իրանը դեռ 17 ամիս ուներ, հավանաբար հիմա արդեն Թեհրանին կանխելու համար 17 օր է մնում»,- գրել է Իսրայելի նախկին վարչապետը:
Էհուդ Բարաքը համոզմունք է հայտնել, որ եթե միջուկային զենքի չտարածվելու մասին պայմանագիրը չեղարկվի, Թուրքիան, Եգիպտոսը եւ Սաուդյան Արաբիան կարող են ընդօրինակել Իրանի մեթոդները։
Բարաքը ԱՄՆ-ին կոչ է արել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու Իսրայելին՝ Իրանի միջուկային ծրագրի դեմ սեփական ուժերով ռազմական հարձակում իրականացնելու համար։ Այս համատեքստում իսրայելցի գործիչը նշել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ը համատեղ կարող են Իրանի կարեւորագույն օբեկտների դեմ գործողություն իրականացնել եւ ոչնչացնել դրանք։
Որոշակի հանգամանքներում, ըստ Բարաքի, դա կարող է արագացնել Թեհրանի շտապողականությունը միջուկային ռումբը հավաքելու ուղղությամբ եւ ապահովել նրանց օրինականությունը ինքնապաշտպանության հիմքով:
«Սակայն երբ Իրանը դե ֆակտո միջուկային պետություն դառնա, այդ գործողությունը չի կարող ազդել Իրանի միջուկային հզորության վրա»,- գրել է նա։ Բարաքի կարծիքով Իրանի միջուկային ծրագիրը կարող է կասեցնել պատերազմի սպառնալիք պարունակող իրատեսական դիվանագիտական վերջնագիրը։
Էհուդ Բարաքը պնդում է, որ եթե Իրանը ձեռք բերի միջուկային լիարժեք կարողություն, Թեհրանի վարչակազմը կարող է գործել այնպես, ինչպես ցանկանում է, որպեսզի հակամարտություն եւ անկայունություն առաջացնի ամբողջ տարածաշրջանում։