Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հայկական կողմը սկսել է Լաչինը շրջանցող ճանապարհի նախագծման աշխատանքները: Կոռնիձորի բնակիչները շուրջ մեկ ամիս առաջ գյուղի դաշտերում նախագծող մասնագետների են նկատել։ Ավագանու անդամ Սեւադա Դանիելյանի կարծիքով երեւի սպասել են՝ գյուղացիները դաշտերը հնձեն, հետո սկսեն աշխատանքը։
Կառավարությունը հունիսի վերջին նիստում ընդունած որոշմամբ գումար է հատկացնում մի շարք ճանապարհների գեոդեզիական, քարտեզագրական աշխատանքների՝ ներառյալ Մ-12 Կոռնիձոր-Արցախ ավտոճանապարհի վերակառուցման համար։ Նախագծերը մշակում են «Ճաննախագիծ» eւ «Արցախճան» ինստիտուտները։
Հայաստանն Արցախին կապող եւ Լաչինի միջանցքին փոխարինող նոր ճանապարհը Արցախ է մտնում Սյունիքի Տեղ, Կոռնիձոր, Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով: Մինչ հայկական կողմը դեռ նոր է սկսում նախագծման գործը, հայկական այս գյուղերում թուրք եւ ադրբեջանցի շինարարներն արդեն ճանապարհի կառուցման ավարտական փուլում են։
Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանն ասել է, որ ասֆալտի առաջին շերտն ավարտել են, մնացել է չորս կիլոմետր հատված, որ իրար միացնեն: Նա հավելել է, որ հողային աշխատանքն ավարտված է, բայց ասֆալտապատումն ադրբեջանական կողմն ամռանը չի ավարտի։
Ավելի վաղ Ադրբեջանի ավտոճանապարհային գործակալության ղեկավար Սալեհ Մամեդովը հայտարարել էր, թե հուլիսին ճանապարհը պատրաստ կլինի։
Հայկական պաշտոնական շրջանակները Լաչինի միջանցքին փոխարինող եւ Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի շինարարության ժամկետների մասին չեն խոսել ու հիմա էլ չեն խոսում։
Ադրբեջանական կողմը Կոռնիձորի տակ՝ Աղավնո գետի վրա, ամիսներ առաջ կառուցել, ավարտել է կամուրջը, որի վերին հատվածով պիտի երթեւեկեն հայերը, իսկ նույն կամրջի ներքեւի մասով ադրբեջանցիներն են գնալ-գալու դեպի Քաշաթաղի (Լաչինի) շրջան։