ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունների մասին:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ նա հայտարարել է, որ Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը չի ազդում Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունների վրա, թեեւ Ռուսաստանը չի ընդունում այդ դիրքորոշումը, քանի որ ռուսական իշխանությունների համար Ղրիմի հարց որպես այդպիսին գոյություն չունի։ Ըստ Պեսկովի՝ դրանք սոսկ տարաձայնություններ են:
«Վստահ ենք, որ մեր թուրք գործընկերները վաղ թե ուշ կհասկանան Ռուսաստանի դիրքորոշման ճշտությունն ու հիմնավորվածությունը»,- նշել է նա:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չնայած իրենց հակադիր հայացքներին, խոսքի տեր մարդ է, որը հանուն իր երկրի շահերի գնում է մինչեւ վերջ: ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ շատ կարեւոր է կանխատեսելիության տարրը. ի վերջո պիտի իմանաս՝ ում հետ գործ ունես: