2022 թվականի առաջին վեց ամսում Երեւանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը կլինիկա է տեղափոխել եւ հետազոտել 2086 թափառող շուն: Վտանգավոր հիվանդություններով վարակված 207 շուն քնեցվել է (ներարկման միջոցով կենդանու կյանքն ընդհատվել է)։ Քնեցված շներից 185-ը վարակված է եղել լեյշմանիոզով։
Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է՝ 2020 թվականին լեյշմանիոզով վարակվել է 16, 2021-ին՝ 9 քաղաքացի։ Մարդիկ լեյշմանիոզով վարակվում են թափառող շներից։ Հիվանդությունը մարդուն փոխանցվում է մլակների խայթոցի միջոցով։ Չվարակվելու համար Հակոբյանը խորհուրդ է տալիս խուսափել մլակների խայթոցից՝ ժամանակին աղբը թափել եւ պատուհաններին մանրավանդակ ցանց ամրացնել։ Լեյշմանիոզի ախտանշաններից են տենդը, թուլությունը, որովայնի ցավերը, քաշի նվազումը։ Հիվանդության բուժումը կարող է տեւել մեկ ամիս։
«Լիարժեք բուժում ստանալուց հետո լեյշմանիոզը մարդու առողջության վրա հետք չի թողնում, սակայն չբուժվելու դեպքում առաջանում են բարդություններ՝ արյունահոսություն, իմունային համակարգի թուլացում, որի պատճառով մարդը կարող է այլ հիվանդություններով վարակվել»,- ասում է Վահե Հակոբյանը։
Որպեսզի լեյշմանիոզը չտարածվի, մասնագետներն այս հիվանդությամբ վարակված կենդանիներին քնեցնում են։ Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը «Ալիք Մեդիա»-ին տեղեկացնում է՝ դա արվում է օրենքով սահմանված կարգով։ Համաձայն ՀՀ Կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Կենդանիների կարանտինային հատուկ վտանգավոր եւ պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1081-Ն որոշման եւ Հայաստանի Հանրապետության «Անասնաբուժության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետի՝ վտանգավոր հիվանդություններով վարակված կենդանիները պետք է քնեցվեն։
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը 2019 թվականին կլինիկա է տեղափոխել եւ հետազոտել 2 587, 2020-ին՝ 3 663, 2021-ին՝ 3 801 թափառող շուն, իսկ 2022-ին, ըստ նախնական պլանավորման, մասնագետները պետք է հետազոտեն 3000-4000 թափառող շուն։ Այժմ բուժվող թափառող շներն ավելի բարվոք պայմաններում են խնամվում։
Թափառող շները նախավիրահատական եւ հետվիրահատական շրջաններում գտնվում են ՀՈԱԿ-ի հատուկ կացարանում, որը բացվել է 2022 թվականի ապրիլին։ Այս պահին կացարանում կա 90 շուն։ Թափառող կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կամավորների «Դինգո թիմ» ՀԿ-ի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանն ասում է՝ թեստերի արդյունքները վստահելի չեն, քանի որ ախտորոշումն արվում է ռապիդ թեստերի միջոցով, որոնք արագ ստուգման համար են նախատեսված։ Եթե կենդանին ունի հիվանդության չորս ախտանշան, եւ թեստավորում են, այդ պարագայում է թեստի դրական արդյունքը 99 տոկոսով ճիշտ համարվում։
«Երեւանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը կլինիկա տարված բոլոր թափառող կենդանիներից արյան նմուշառում է կատարում ու ռապիդ թեստավորում անցկացնում։ Այսինքն՝ շունը կարող է որեւէ ախտանշան չունենալ, եւ անգամ այդ պարագայում թեստավորում են ու դրական արդյունքի դեպքում քնեցնում, ինչը սխալ է․ հավանականությունը մեծ է, որ այդ թեստի արդյունքը սխալ կլինի»,- ասում է Օվսաննա Հովսեփյանը։
Նա նշում է՝ կլինիկաներում լինում են դեպքեր, երբ անորակ թեստեր են ստանում, ու դրանք սխալ արդյունք են ցույց տալիս։ «Լեյշմանիոզի դեպքում չորս ախտանշանի եւ թեստի դրական պատասխանի պարագայում արդարացված է լինում քնեցումը, բայց կամավորներն էլ են նշում՝ կան կենդանիներ, որոնք քնեցվել են, սակայն արտաքին ախտանշաններ չեն ունեցել։ Ստացվում է՝ եթե ցանկանան կենդանիների գլխաքանակը նվազեցնել, կարող են, օրինակ, վարակված մի կենդանուց մեկ լիտր արյուն վերցնել ու դա օգտագործել բոլոր թեստերի համար։ Ես որեւէ տեղեկություն չունեմ, որ իրենք նման բան են անում, պարզապես ասում եմ, որ հնարավոր է այդպես անել ու ստանալ դրական պատասխաններ»,- ասում է Օվսաննա Հովսեփյանը։
Նա նշում է՝ եթե կլինիկա տարվող բոլոր կենդանիներն են թեստավորվում, այդ դեպքում դրական պատասխանից հետո հարկավոր է ստուգում անցկացնել լաբորատոր մեթոդներով կամ էլայզեր սարքով, եւ հետո միայն հաստատ համոզվելու պարագայում քնեցնել կենդանուն։ ՀՈԱԿ-ը, սակայն, միայն թեստավորում է։
Թեեւ ՀՈԱԿ-ը 1,5 տարի առաջ էլայզեր սարք է նվեր ստացել, բայց այն չի կիրառում։ «Օրինակ՝ ժանտախտի պարագայում այս խնդիրները չկան, քանի որ այդ հիվանդության դեպքում թեստավորում են միայն ախտանշանների առկայության պարագայում, իսկ լեյշմանիոզով թեստավորում են բոլոր շներին»,- ասում է Օվսաննա Հովսեփյանը։ Նա իր մտահոգությունների մասին տեղեկացրել է պատկան մարմիններին, բայց դեռեւս սայլը տեղից չի շարժվում։
«2021 թվականին, երբ ես դեռ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էի, լեյշմանիոզով վարակված ու քնեցված շների թվերը փոխվեցին՝ կտրուկ աճ գրանցվեց։ 2021-ի հուլիսից առաջ քնեցվում էր ամսական 10-15 շուն եւ, իսկապես, հավանական էր, որ այդքան վարակված կենդանի լիներ, բայց հուլիսից հետո քնեցվող շների թիվը հասավ 70-80-ի։ Հարցումներով պարզեցի, որ ՀՈԱԿ-ը նոր թեստեր է ստացել։ Եթե մինչեւ 2021-ի հուլիսը լեյշմանիոզի թեստավորումից հետո նաեւ լաբորատոր քննություն էր անցկացվում ՍԱՏՄ-ում (Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), ապա 2021-ի հուլիսից հետո ստուգումը միայն թեստերով էր անցկացվում, եւ քնեցվող շների թիվը մեծացավ»,- ասում է Օվսաննա Հովսեփյանը։ 2021-ի դեկտեմբերին ՍԱՏՄ-ում նա քննարկման է մասնակցել, որի ընթացքում անդրադարձել են նաեւ լեյշմանիոզի ախտորոշման, շների քնեցման վերաբերյալ հարցերին։
«Քաղաքապետն ասաց, որ անախտանիշ շների դեպքում ախտորոշիչ էլայզեր սարքը կգործածվի, բայց քաղաքապետն ու ՀՈԱԿ-ի տնօրենը փոխվեցին, եւ այդ հարցը չլուծվեց։ Այժմ լեշյմանիոզն ախտորոշվում է մեկ թեստով, եւ չի արվում որեւէ լաբորատոր հետազոտություն կամ էլայզերով ստուգում։ Սա վստահելի եղանակ չէ, ուստի, ցավոք, կարող են քնեցվել նաեւ այն կենդանիները, որոնք, գուցե, վարակված չեն լեյշմանիոզով»,- եզրափակում է Օվսաննա Հովսեփյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։