Ամերիկայի հայկական համագումարի գրասենյակից հայտնել են, որ Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը հուլիսի 28-ին հրապարակել է իր 2023-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագիծը:
Ըստ Հանձնաժողովի զեկույցի՝ վերահաստատվում է Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացումը եւ առաջարկվում է 2 միլիոն դոլար Արցախում ականազերծման եւ չպայթած զինամթերքի մաքրման աջակցության համար, ինչպես նաեւ մարդասիրական օգնություն տեղահանված հայերին օգնելու համար:
Ներկայացուցիչների պալատը հունիսին ընդունեց օրինագծի իր տարբերակը, որով կոչ էր արվում 60 միլիոն դոլար օգնություն տրամադրելու Հայաստանին եւ 2 միլիոն դոլար՝ Արցախում ականազերծման աշխատանքների համար: Ներկայացուցիչների պալատի օրինագիծը ներառում էր նաեւ Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացմանը վերաբերող հատված:
«ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն ու ներգրավվածությունը շարունակում են չափազանց կարեւոր լինել: Համագումարը կշարունակի աշխատել Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հետ՝ ապահովելու լավագույն արդյունքը հայ ժողովրդին օգնելու համար»,– նշել է Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։
Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992-ին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: 907-րդ լրացումը ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի եւ Արցախի դեմ շրջափակումները եւ ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ: