Ըստ թուրքական Hürriyet պարբերականի՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի արտադրության գծով Մոսկվայի հետ համագործակցության թեման դեռ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության օրակարգում չէ։
«Չեմ կարող ասել, որ դա հնարավոր է, քանի որ մեր օրակարգում այդ հարցն ընդգրկված չէ։ Գործընթացը ձեւավորվում է Թուրքիայի քաղաքականության շրջանակում։ Մենք աշխատում ենք հարցի տեխնիկական մասով»,– ասել է Դեմիրը։
Թուրքական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Bayraktar անօդաչու թռչող սարքերի թուրքական արտադրողի հետ համագործակցելու ցանկություն է հայտնել։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարները քննարկման ընթացքում կանդրադառնան Թուրքիայում արտադրվող անօդաչու թռչող սարքերի՝ «Բայրաքթարների» թեմային:
Ավելի վաղ Թուրքիայի հետ բարձր տեխնոլոգիաների, ավիացիոն եւ տիեզերական ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրի վավերացման մասին օրինագծին հավանություն է տվել Ուկրաինայի կառավարությունը: Համաձայնագրի շնորհիվ Ուկրաինայի տարածքում Bayraktar թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության եւ սպասարկման գործարան կկառուցի։