Ֆրանսիական Le Monde պարբերականը հրապարակել է 50 ընտրված պաշտոնյաների հոդվածը, որն անդրադարձել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնությանը՝ ԵՄ-ի համար ադրբեջանականով փոխարինել ռուսական գազը:
Ըստ պարբերականի՝ մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու նպատակով ադրբեջանական գազի ներկրումը կրկնապատկելու կոչված նոր համաձայնագրի մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը սարսափեցնում է բոլոր նրանց, ովքեր գիտեն՝ ինչպես է բռնապետությունն Ադրբեջանում օգտագործում գազի վաճառքից ստացված եկամուտները:
«Դրանք ավելի քան 30 տարի աջակցում են ռեժիմը ղեկավարող միեւնույն կլանին, որը ոչ միայն խախտում է մարդու իրավունքները, այլեւ ֆինանսավորում է զենքի գնումը, որով ոչնչացնում են հայերին Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի Հանրապետությունում»,- գրում է պարբերականը։
Հոդվածի հեղինակները հիշեցրել են, որ Ադրբեջանը եւ Թուրքիան Արցախի դեմ 44-օրյա պատերազմում ներգրավել են ջիհադիստ ահաբեկիչների, որոնց մասին բարձրաձայնել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաեւ կիրառել արգելված զինատեսակներ, ինչպիսին, օրինակ, ֆոսֆորային ռումբերն են:
Ըստ պարբերականի՝ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են իրենց նկրտումները քողարկել Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու գործընթացներում: Պաշտոնյաները նաեւ հիշեցրել են, որ Իլհամ Ալիեւը նկրտումներ ունի Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ՝ Սյունիք, Սեւանա լիճ, անգամ՝ Երեւան: Նրանք նաեւ ընթերցողներին տեղեկացրել են, որ Անկարան եւ Բաքուն ցանկանում են Սյունիքի տարածքով միջանցք ստանալ եւ կապել Թուրքիան եւ Ադրբեջանը:
«Ուստի Եվրահանձնաժողովին կոչ ենք անում հրաժարվելու Ադրբեջանի հետ այս նախագծից, իսկ Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաեւ Եվրախորհրդարանին՝ ոչ մի դեպքում չվավերացնել այնպիսի համաձայնագիր, որը ռուսական գազից կախվածությունը կփոխարինի ադրբեջանական գազից կախվածությամբ»,-ընդգծել են հոդվածի հեղինակները: