Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն իրականացնում է «Ոռոգման համակարգերի արդիականացում» 50 միլիոն դոլար ընդհանուր արժեքով ծրագիրը, որից 40 միլիոն դոլարը Եվրասիական զարգացման բանկից ստացված վարկ է, 10 միլիոն դոլարը՝ ՀՀ Կառավարության համաֆինանսավորումը:
Ծրագրով կկառուցվեն մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինող համակարգեր, կվերակառուցվեն գլխավոր եւ միջտնտեսային ջրանցքները, ներտնտեսային ոռոգման համակարգերը, կարդիականացվեն եւ կհզորացվեն ջրօգտագործողների ընկերությունները:
«Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագիրն իրականացվում է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում, ինչպես նաեւ Երեւանում:
Ծրագրի հաջող ավարտից հետո Հայաստանում տարեկան կխնայվի 11,8 միլիոն կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոն դրամով, 10,5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները:
Շահագործումից դուրս կգա 8 պոմպակայան, կվերականգնվեն 64,2 կիլոմետր ջրանցքներ, իսկ ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները կհասնեն 259,1 կիլոմետրի: Ավարտական փուլում գտնվող ծրագրի շահառուներն ավելի քան 115 հազար են: