ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրել է՝ օգոստոսից կմեկնարկեն Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի աշխատանքները։
«Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2022 թվականի օգոստոսին»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
Համաձայնեք, որ Հայաստանի իշխանությունները չափազանց օպերատիվ են իրենց գործողություններում։ Ի վերջո կարող էին նոր ճանապարհի կառուցման աշխատանքները եւս մեկ տարի ուշ սկսել. վերջնաժամկետը 2023 թվականին է, եւ դեռ բավական ժամանակ կա։ Բացի այդ՝ քիչ չեն պետության առաջ ծառացած մարտահրավերները։
Տեղյակ եք՝ դեռ վերջնականապես չի փակվել Քրիստոսի արձանի տեղադրման հարցը։ Կառավարությունը վարչապետի մակարդակով դրական էր արտահայտվել Ծառուկյանի նախաձեռնությանը, հետո պարզվել էր՝ Հատիս լեռան վրա պատմաճարտարապետական հուշարձաններ կան. այս հարցը դեռ պետք է պարզաբանվի։
Հույժ կարեւոր է նաեւ Բանվորի արձանի վերականգման հարցը, որի վերաբերյալ օրերս խորհրդակցություն էր անցկացվել Կառավարությունում, եւ դեռ պետք է այս հարցով հանրային քննարկումներ կազմակերպվեն։
Երթեւեկության կարգավորման մաշված ցուցանակների հարցն էլ կա։ Անգամ Կառավարության վերջին նիստերից մեկում պետության ղեկավարը հարկ համարեց մանրամասն խոսել այդ մասին ու բացատրել, որ «62 տեղից ճմռթած ժապավենը փակցնելը», «տրակտորի տակ ընկած» ճանապարհային նշանները տեղադրելը անհարիր են։
Ինչպես հանճարեղ Պոետն է նկարագրում, «Հարկավոր է ցնցել գյուղացուն/Ու բանվորին կրթել։ …Հարկավոր է, որ ամեն աղախին,/Սովորի պետություն դարձնել. Հարկավոր է…/ Ո՞րը թվել։ Հարցեր են՝ անծայր, անթիվ…»։
2020-ի նոյեմբերի 9/10-ի հայտարարության մեջ անդրադարձ կա նաեւ Լաչինի միջանցքով նոր ճանապարհի կառուցմանը. «Կողմերի համաձայնությամբ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի այդ երթուղին պաշտպանելու համար»:
Այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նոր ճանապարհի՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածում արդեն բավական աշխատանքներ է կատարել: Դեռ նախորդ տարվանից էր սկսել։ Մինչդեռ հայկական կողմն այդ ժամանակ դեռ մատը մատին չէր խփել: Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան ՏԿԵՆ-ից հայտնել էին, որ «Խնդրո առարկայի վերաբերյալ հարցը դեռեւս քննարկման փուլում է»։
Այսինքն՝ եռակողմ հայտարարության ստորագրումից երկու տարի անց դեռ հայկական կողմը քննարկում էր ճանապարհի կառուցման հարցերն այն դեպքում, երբ հակառակ կողմն այն արդեն սկսել էր։
Մի հանգամանք, որ հերթական անգամ վկայում է՝ գործող իշխանությունները պարզապես ունակ չեն տարբերելու պետության առաջնային խնդիրները։ Նրանց համար շատ ավելի կարեւոր է կենցաղային մանր-մունր հարցերի մասին խոսելը, քանի որ այդպես հեշտ է սեփական PR-ը կազմակերպելը։ Սա նաեւ լավ տարբերակ է՝ ապահովելու «հաց եւ տեսարաններ»՝ իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: