ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Վաշինգտոնի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Նրանք կարծիքներ են փոխանակել կարգավորման սուր կարիք ունեցող երկկողմ հարաբերությունների խնդիրների շուրջ:
Դա երկու գերտերությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաջին շփումն է փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի նախաձեռնած հարձակումից հետո:
Բլինքենը եւ Լավրովը քննարկել են երկու երկրներում մեղադրվող եւ դատապարտված քաղաքացիների փոխանակման հնարավորությունը:
Ըստ Associated Press գործակալության՝ Բլինքենը Լավրովին կոչ է արել ընդունելու գործարքը, որով զենքի մաքսանենգության համար ԱՄՆ-ում 25 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի Վիկտոր Բուտին կփոխանակեն ամերիկացիներ բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Բրիթնի Գրայների եւ ծովային հետեւակի նախկին զինծառայող Փոլ Ուիլանի հետ:
Բլինքենը նշել է, որ քննարկվել է նաեւ Ուկրաինայից հացահատիկի փոխադրման թեման: ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ քաղաքական նպատակներով մթերքի թեման օգտագործելն անընդունելի է։
Այնուհետեւ Լավրովը ներկայացրել է ռուսական սկզբունքային մոտեցումներն այսպես կոչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության եւ Ուկրաինայի տարածքում իրականացվող «հատուկ ռազմական գործողության» վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրա նպատակներն ու խնդիրները կկատարվեն:
Ըստ Լավրովի՝ Արեւմուտքի՝ Ուկրաինային զենքի մատակարարումը միայն ձգձգում է հակամարտությունը եւ բազմապատկում զոհերը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է, թե զրույցի ընթացքում Լավրովը պնդել է, որ Ռուսաստանն Ուկրաինայում անվերապահորեն կատարելու է բոլոր խնդիրները:
ՌԴ արտգործնախարարը հատուկ նշել է, որ իրավիճակը բարդանում է ամերիկյան պատժամիջոցների պատճառով, իսկ ռուսական պարենային մատակարարումների համար համապատասխան բացառություններ տրամադրելու ԱՄՆ խոստումները դեռ չեն իրագործվում: Նշվում է, որ «հավաքական Արեւմուտքի» կողմից այդ խնդիրը սեփական աշխարհաքաղաքական շահերի համար օգտագործելն անընդունելի է։
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ զրույցը շիտակ էր եւ անկեղծ: Սպիտակ տունը լավ ազդակ է համարում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը ձերբակալված անձանց փոխանակման վերաբերյալ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաջարկները լսելու պատրաստակամության մասին: